«Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարությունը՝ Ոստիկանությունում իրականացված քննության մասին

Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն, քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: Նշվում է, որ տույժի ենթարկված ոստիկանները կարգապահական խախտումներ են թույլ տվել, օրինակ, զսպված չեն եղել ու վայելուչ և քաղաքակիրթ չեն դրսևորել իրենց։ Ոստիկանության ծառայողներից մեկի պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել է, մեկ ծառայող նկատողություն է ստացել, յոթն էլ՝ խիստ նկատողություն: «Ոչ թալանին» նախաձեռնությունը գտնում է, որ ոստիկանությունը փորձում է հերթական անգամ իմիտացիոն քայլերով մեղմել ժողովրդի զայրույթը կարգազանց ոստիկանների նկատմամբ և փակել առաջ քաշված պահանջի կատարումը: «Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում է`

– պատժել անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին և քաղաքացիական հագուստով այն մարդկանց, ովքեր ներկայանում էին որպես ոստիկան` ցուցաբերելով լկտի պահվածք և կատարելով անօրինական գործողություններ, ինչպես նաև պատժի ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին դեպքի վայրում գտնվող ոստիկանության բարձրաստիճան հրամանատարական կազմին:

-հեռացնել նրանց համակարգից, այնուհետև գործ հարուցել նրանց վրա և այդ քայլով հաստատել, որ նրանք անօրինական քայլեր կատարելու համար հրաման չեն ստացել ոստիկանապետի կողմից:

Նշված պահանջի կետերը չկատարելու պարագայում ամբողջ պատասխանատվությունը մնում է անձամբ Վովա Գասպարյանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս