Բաժիններ՝

Ցտեսություն, Իկեր. Կասիլիասի փառահեղ ուղին Մադրիդում ավարտվեց

Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ «Ռեալ Մադրիդի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը հեռանում է մադրիդյան ակումբից և տեղափոխվում է պորտուգալական «Պորտու»:

Ամբողջ Մադրիդում այս օրերը շնորհակալության և փոխադարձ հարգանքի օրեր են: Ֆուտբոլի պատմության մեջ այս էջում կգրվի ոչ միայն այն, որ մադրիդյան ակումբից հեռացավ իր լեգենդար ֆուտբոլիստը, ալև, որ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը ֆուտբոլային նոր էտապ է սկսում:

Լուրի պաշտոնապես հաստատվելուց հետո «Ռեալ Մադրիդի» երկրպագուները ողողեցին սոցիալական ցանցերը շնորհակալական գրառումներով: Ակումբի ֆան ակումբի էջերում գրվում է, որ Կասիլիասը արքայական ակումբի գերբը դարձրեց ավելի փառավոր:

Ակումբն ունի 113 տարվա պատմություն ու այս 113 տարիներից 25-ում Կասիլիասը եղել է ակումբի հավատարիմ անդամ ու իր ողջ ուժերը ներդրել է թիմին օգնելու համար:

Ակումբիի հետ միասին Կասիլիասը հաղթել է 3 Չեմպիոնների լիգայի գավաթ, 1 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 միջմայրցամաքային գավաթ, Եվրոպայի 2 սուպերգավաթ, 5 անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն, 2 անգամ խաղթել է արքայական գավաթը և 4 անգամ էլ տիրացել Իսպանիայի սուպերգավաթին: Իսկ անհատական մրցանակները թիվ ու քանակ չեն ճանաչում:

Մրցանակների ու գավաթների բավական մեծ ցուցակը, իհարկե, հիանալի են, բայց Իկերը դրանց փոխարեն իր հետ տանում է յուրաքանչյուր մադրիդիստի սերը, հարգանքն ու շնորհակալությունները: Իր հետևից նա թողնում է «սերուցքայինների» շապիկով անցկացրած 725 հանդիպում ու բազում սեյվեր, որոնք կմնան ֆուտբոլի պատմության լավագույններից:

Մադրիդյան ակումբի երկրպագուները պնդում են, որ Իկերը գնում է, բայց հավերժ կմնա յուրաքանչյուր մադրիդիստի սրտում, ակումբի սրտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս