«Կգնեմ «Յուվենթուսից» Պոլ Պոգբային, եթե դառնամ «Բարսելոնայի» նախագահ». Ժոան Լապորտա
Կատալոնական ակումբի նախագահի թեկնածուն ակնարկում է ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի հետ լավ հարաբերությունների մասին:
«Եթե ես հաղթեմ, ապա, ինչպես և խոսք էի տվել, կգնեմ Պոգբային: Ես լավ հարաբերություններ ունեմ Պոլի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ես շատ բան կանեմ, որպեսզի ուժեղացնեմ թիմի միջին գիծը»,- ցիտում է Լապորտային Football Italia-ն:
Ժոան Լապորտան 2003-2010 թթ. արդեն ղեկավարել է «Բարսելոնան»: Առաջին ընտրության ժամանակ Լապորտան խոստացել էր, որ կգնի Դևիդ Բեքհեմին: Բայց անգլիացին գերադասեց «Ռեալ Մադրիդը»: Նրա փոխարեն ձեռք բերվեց Ռոնալդինիոն:
«Բարսելոնայում» նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 18-ին:
«Բարսելոնան» արդեն փորձել է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, բայց 80 մլն եվրո առաջարկը մերժվել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը