
Մեր մրցակիցները. Ալբանիան ստացավ 3 միավոր

CAS-ը՝ Մարզական արբիտրաժային դատարանը, չեղյալ է հայտարարել ՈւԵՖԱ-ի որոշումը, ըստ որի՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա խաղում հյուրերին տեխնիկական պարտություն էր գրանցվել:
ՈւեՖԱ-ն Ալբանիային 0:3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցել և միաժամանակ Սերբիայից հանել է 3 միավոր՝ վերջինիս ստիպելով որակավորման փուլի երկու հանդիպում առանց հանդիսականների անցկացնել: Այս պատժից հետո երկու հավաքականները ներկայացնող ֆեդերացիաներն էլ բողոքարկել էին որոշումը:
Չեղյալ հայտարարելով որոշումը՝ CAS-ը տեխնիկական պարտություն է գրանցել սերբերին և ալբանացիներին տվել է 3 միավոր:
Այժմ պատկերը հետևյալն է՝ Եվրո-2016-ի I խմբում Ալբանիայի միավորները 7-ից դարձան 10, ինչի շնորհիվ նրանք Դանիայի հետ կիսում են 2-3-րդ տեղերը: Սերբիայի հավաքականը նախկինի պես մնաց 1 միավորով:
Այս խմբում է նաև Հայաստանի ազգային հավաքականը, ում համար պայքարը կարելի է համարել ավարտված: Մեր հավաքականն ունի 1 միավոր:
Սիրարփի ԱՂԱԲԱԲՅԱՆ