Ո՞ր քաղաքական ուժերը կմիանան շարժմանը
Հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները կոչ արեցին քաղաքական բոլոր ուժերին` միանալ իրենց շարժմանը։ Ինչպես հայտնի է, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը բացառում էր որևէ համագործակցություն քաղաքական ուժերի հետ` հայտարարելով, որ իրենց պայքարը պետք է մնա քաղաքացիական հարթության վրա։ Ինչպե՞ս կանդրադառնա քաղաքական ուժերի ներգրավումը շարժման մեջ հետագա պայքարի վրա, և ո՞ր քաղաքական ուժերը կմիանան շարժմանը։
«168 Ժամի» հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` պատասխանելով մեր այս հարցադրումներին, ասաց, որ շարժմանը միանալու հարցը կուսակցությունը պետք է որոշի. այդ որոշումը մեկը չի կայացնում։ Այնուամենայնիվ, Մ. Մելքումյանը կարծում է, որ, եթե այն քաղաքացիական շարժում է, ապա այդպիսին էլ պետք է մնա։
«Այսինքն` նախկինում երբ ես ասում էի, որ շարժումը չպետք է կուսակցականացնել, ճիշտ էի ասում, որովհետև դա դառնում է իշխանություն-ընդդիմություն հարաբերություն, որը լավ բանի չի բերի։ Հիմա էլ եմ այն տեսակետին, որ պետք չէ կուսակցականացնել, այն քաղաքացիական շարժում է, թող իրենք իրենց պայքարը շարունակեն, մենք կարող ենք մեթոդական, մասնագիտական առումով օգնել։ Թող այն մնա քաղաքացիական շարժում, որպես քաղաքացիներ` մենք կարող ենք մասնակցել, բայց որպես քաղաքական ուժի ներկայացուցիչներ` ինչի՞ համար։ Այսինքն` բոլոր քաղաքական կուսակցությունները գան այդտեղ, որ ի՞նչ լինի, պետք չէ բերել շարժումն իշխանություն-ընդդիմություն հարթության վրա։ Իսկ մասնագիտական, փորձագիտական, մեթոդական օգնություն, խնդրեմ, ես անձամբ պատրաստ եմ ցուցաբերել, բայց այնքան էլ կողմ չեմ, որ մենք կուսակցականացնենք այդ շարժումը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
«Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք կուսակցությունում այդ հարցը չեն քննարկել. «Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք ասել ենք, որ չենք խառնվում, որպեսզի չքաղաքականացնենք շարժումը, քանի որ ի սկզբանե հայտարարվել է, որ դա սոցիալական պահանջ և խնդիր է։ Իսկ այս նոր հայտարարությունը մենք չենք քննարկել, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ, եթե կլինի կոնկրետ գործողությունների քարտեզ, կոնկրետ առաջարկ, մենք յուրաքանչյուր առաջարկ կարող ենք քննարկել և որոշում կայացնել։ Այս պահին նման բան չենք քննարկել»։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով էլ` նախ շարժման օրակարգը պետք է ճշտվի, որից հետո իրենք կորոշեն` կմիանա՞ն, թե՞ ոչ. «Որովհետև եթե կուսակցությունը միանում է, մաս է կազմում ինչ-որ մի բանի, ուրեմն` պետք է ճշտենք` ինչ օրակարգի մասին է խոսքը, որոշումների կայացման կարգը, պատասխանատվություն, և այլն»։
Հարցին` ըստ Ձեզ` քաղաքական ուժերի միացումն այս շարժմանը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, թե բացասական ազդեցություն չի կարող ունենալ. «Մեր քաղաքացիները միշտ սիրել են միասնական գործողություններ»։
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նորաստեղծ «Ալյանս» կուսակցությունում ևս դեռ չի քննարկվել շարժմանը միանալու հարցը։ Այս մասին մեզ տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը` հիշեցնելով, որ «Ալյանսի» երիտթևն էլ էր բողոքի ակցիա կազմակերպել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ. «Մենք ևս օգտագործելու ենք ցանկացած միջոց, որպեսզի թույլ չտանք էլեկտրաէներգիայի թանկացումը»։
Մեր հարցին` կուսակցությունները կարող են առանձին պայքար տանել, բայց կուսակցությունների` քաղաքացիական շարժմանը միանալը դրակա՞ն, թե՞ բացասական կարող է ազդել կոնկրետ շարժման վրա, նա այսպես պատասխանեց. «Էլեկտրաէներգիայի թանկացումն այն հարցն է, որը բոլորին է վերաբերում, և դա այն պայքարն է, որտեղ պետք է բոլորը մասնակցություն ունենան` իրենց հնարավորության սահմաններում։ Քաղաքացիական նախաձեռնություններն ունեն իրենց հարթակը, որտեղ պայքարում են, քաղաքական ուժերն էլ ունեն իրենց հարթակը, բայց ցանկացած համագործակցություն քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների միջև ես ողջունելի եմ համարում»։
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի համոզմամբ էլ` քաղաքական ուժերն ի սկզբանե պետք է ներգրավվեին շարժման մեջ, միակ բացառությունը, որ քաղաքական ուժերը չէին ներգրավվի, կլիներ այն դեպքում, երբ Բաղրամյան պողոտայում ծնվեր նոր քաղաքական ուժ, որը չեղավ. «Ու հիմա, իմ կարծիքով` իրավիճակն այնպիսին է, որ արդեն այդ շարժման ընթացքը մարել է, և չեմ կարծում, որ քաղաքական ուժերն այդ կոչին կարձագանքեն»։
Հարցին` այսինքն` հիմա անիմա՞ստ կլինի, որ քաղաքական ուժերը միանան և փորձեն նոր թափ տալ շարժմանը, քաղաքական վերլուծաբանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ, բայց կարծում եմ, որ հիմա շարժումն այն վիճակում չէ, որ քաղաքականության համար մեծ արժեք ներկայացնի»։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի պատկերացմամբ էլ` հիմա կա շարժման երկու թև` քաղաքական և քաղաքացիական. «Նրանք, ովքեր չեն առաջադրում քաղաքական պահանջներ, չեն ձևավորում քաղաքական օրակարգ (նկատի ունեմ` իշխանափոխության օրակարգ), նրանք առանձին են, իսկ նրանք, ովքեր ուղղակի իրենց առջև դրել են էլեկտրաէներգիայի սակագնի չբարձրացման խնդիրը, նրանք առանձին ճանապարհով են գնում։ Հետևաբար` հասկանալի է, թե ինչու Ազատության հրապարակում առաջին թևը քաղաքական կուսակցություններին հրավիրեց, որովհետև իսկապես աննորմալ բան է, շատերը նշում են, որ շարժումը պետք է լինի քաղաքական, պետք է քաղաքական պահանջներ դնի և այլն։ Հետևաբար` այդպես ասող յուրաքանչյուր ոք պետք է միանա, եթե իր կոչում անկեղծ է։ Հենց քաղաքական պահանջ չեն դնում, կողքից շատերը վրա են տալիս, թե` ինչու իշխանափոխության պահանջ չեն դնում, հենց քաղաքական պահանջ են դնում, զարմանալի է, որ նրանք, ովքեր պահանջում էին քաղաքական պահանջ, այնտեղ չկան»։