Բաժիններ՝

Պարոն Էռնեկյանն ամեն ինչից տեղյակ է

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման հարցը տարիներ շարունակ քննարկվում է, սակայն դեռ փոխզիջում ձեռք չի բերվել:

Խնդիրն այն է, որ խորհրդային տարիներին կառուցված շենքը ճարտարապետական և մշակութային բարձր արժեք է, սակայն, անհասկանալի պատճառներով` դեռ 90-ականներին դուրս է հանվել անշարժ հուշարձանների պետական ցանկից, իսկ ներկայումս ՀՀ մշակույթի նախարարությունն անտեսում է ՀՀ ճարտարապետների միության կողմից ներկայացված հայտը՝ պատմաճարտարապետական անշարժ հուշարձանների պետական ցանկը համալրելու և օդանավակայանի հին շենքը դրանում ներառելու մասին:

Հայաստանի ճարտարագիտական հանրությունը պարբերաբար թեժ վիճաբանությունների է բռնվում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲ ընկերության ղեկավարության հետ: Վերջիններս պնդում են, որ օդանավակայանի կլոր ուղևորային համալիրն անմխիթար վիճակում է, և մեծ ներդրումներ են անհրաժեշտ այն ամրացնելու ու վերականգնելու համար: Ճարտարապետներն էլ կտրուկ դեմ են, որ այն քանդվի:

Ուշագրավ է, որ այս տարիների ընթացքում ընկերությունը տարբեր նախագծեր է ներկայացրել օդանավակայանի ընդլայնման և հին շենքի հետ կապված, սակայն դրանցում միշտ ամբողջությամբ կամ մասամբ առկա է քանդման խնդիրը: Հարց է ծագում` արդյոք այդ պահանջը դրվում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների սեփականատեր, արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի՞ կողմից:

«168 Ժամն» ընկերության ներկայացուցիչ, նախագծի գլխավոր ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալվոյից հետաքրքրվեց, թե որքանով է խնդրին տեղյակ Է.Էռնեկյանը:
«Պարոն Էռնեկյանն ամեն ինչից տեղյակ է»,- եղավ պատասխանը:

Իսկ ի՞նչն է խնդիրը, որ այսքան տարի շարունակում են քանդելու պահանջը։ Ճարտարապետը հավաստիացրեց, թե կազմակերպությունը հակված չէ քանդել շինությունը, այլ ընդամենը 20-30 տարվա կտրվածքով ցանկանում են ընդլայնել օդանավակայանը. «Այնպես չէ, որ մենք մտադրված ենք քանդել շենքը: Ուղղակի գոյություն ունի մի վիճաբանություն, որ պահպանենք պատմական շենքը և ընդլայնենք օդանավակայանը: Այդ առիթով էլ մի քանի առաջարկներ են արվել, որոնց հետ կապված` մարդիկ կան, որ համաձայն են, կան մարդիկ էլ, որ համաձայն չեն: Կարծում եմ` դեռ կշարունակենք քննարկումները»:

Մեր հարցին, թե Է.Էռնեկյանը հակվա՞ծ է լսելու հանրության ձայնը, թե՞ ամեն դեպքում բիզնես շահը կգերակայի, Լուկաս Պերես Մոնսալվոն պատասխանեց. «Ես չեմ կարող իր անունից խոսել, իրավասու չեմ: Պարզապես կարող եմ ասել, որ մենք ընդամենը բիզնեսի մասին չենք խոսում: Խոսում ենք օդանավակայանի ընդլայնման մասին: Օդանավակայանի ընդլայնումը միայն բիզնես չէ, ընդլայնում ենք, որպեսզի բավարարենք հանրության պահանջները: Եթե պատկերացնենք այսօրվանից 10 տարի կտրվածքով, որ տուրիստների քանակը շատանում է, պետք է օդանավակայանը ևս ընդլայնվի: Պետք է հասկանանք նաև, որ դա Հայաստանի ազգային շահն է»:
Նա հավաստիացրեց, որ քննարկումները կշարունակվեն` մինչև փոխընդունելի լուծում գտնվի.

«Շտապողականություն չկա, այսօր անհրաժեշտություն չկա, որ անմիջապես սկսենք կառուցապատում: Փոխընդունելի տարբերակ կգտնենք, և հենց դրա համար էլ կառավարությունը քննարկումներ է կազմակերպում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս