
Լիլիթ Հովհաննիսյանը դատարանում պարտվեց Արամ Անտինյանին

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Լիլիթ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ «BlogNews.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատասխանողի կողմից իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և պատասխանի հրապարակման պարտավորեցնելու պահանջների մասին։
02.04.2014-ից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Լիլիթ Հովհաննիսյանի գործն ընդդեմ Արամ Անտինյանի։
Լիլիթ Հովհաննիսյանի ներկայացուցիչը հայցադիմումով հայտնել էր, որ 05.06.2014-ին BlogNews.am կայքի միջոցով հրապարակվել և համացանցում տարածվել է Լիլիթ Հովհաննիսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ պարունակող հոդված՝ «Լիլիթ Հովհաննիսյանը և Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվոստոկի հայերին» վերնագրով։ Հոդվածում հղում էր կատարված «Անկախ Հայաստան» օգտատիրոջ վրա։ Լիլիթ Հովաննիսյանն Արամ Անտինյանից պահանջել էր հեռացնել գրառումը, հրապարակել ներողություն և պատասխան հրապարակել։
Ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները՝ դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ միայն գլխավոր խմբագիր լինելու փաստի ուժով Արամ Անտինյանը չի կարող պատասխանատվություն կրել ենթադրյալ վիրավորանք հասցնելու համար, քանի դեռ չի ապացուցվել, որ նա է կատարել վիրավորանք հասցնելուն ուղղված գործողություններ։
Դատարանը գտավ, որ հայցապահանջն Արամ Անտինյանի դեմ ուղղված լինելու ուժով անհիմն է և ենթակա է մերժման։ Դատարանը գտավ նաև, որ հայցը մերժելու պայմաններում դատական ծախսերի մասով հայցվորի ներկայացրած պահանջը ևս ենթակա է մերժման։