Մարտակերտում շուտով կլուծվի խմելու ջրի խնդիրը

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ շրջկենտրոնի ջրամատակարարման նոր ցանցի գործարկման և ճանապարհների վերանորոգման վերաբերյալ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը շեշտադրել է, որ նշված երկու խնդիրների կարգավորումը Մարտակերտ քաղաքի բնակչության համար օրախնդիր է, և կառավարությունը շուրջ մեկ տարի է այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է իրականացնում: «Կատարված աշխատանքների ծավալը թույլ է տալիս, որ շրջկենտրոնի բնակչությունը շուտով մշտական ջուր ունենա, իսկ քաղաքի ճանապարհների վիճակն ուղղակի անթույլատրելի է, և անհապաղ կսկսվեն փոսորակային բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները»,- ասել է Ա. Հարությունյանը:

Այնուհետև քաղաքի ջրամատակարարման աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ով, մասնավորապես, նշել է, որ 2014թ.-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտին է մոտենում: Նախարարի խոսքով՝ արդյունավետ ջրամատակարարում իրականացնելու համար շրջկենտրոնը բաժանվել է երկու գոտիների, վերակառուցվել և վերանորոգվել են երեք ջրավազանները, արդեն ավարտվել է քաղաքի ներքին ցանցի անցկացումը, տեղադրված են ջրաչափերը, և առաջիկա օրերին կսկսվեն ներմիացման աշխատանքները:

Կարեն Շահրամանյանն առանձին զեկույցով ներկայացրել է նաև շրջկենտրոնի ճանապարհների վիճակը բնութագրող քաղաքաշինական եզրակացությունը: Նախարարն, ըստ թաղամասերի, անդրադարձել է կատարվելիք աշխատանքներին, որոնք արժանացել են գործադիր իշխանության ղեկավարի հավանությանը:

Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և այլ պատասխանատուների հետ քննարկել է նաև շրջանում իրականացվող բերքահավաքի ընթացքին ու խնդիրներին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս