
Ֆիլոքսերիայով վարակված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել

Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Նշենք, որ ուղեկցող փաստաթղթերում նշված է եղել, որ արմատակալները աճեցվել են ֆիլոքսերայից զերծ գոտում, և դրանցում բացակայում են ցանկացած տեսակի վնասակար օրգանիզմներ:
Հաշվի առնելով, որ բեռի կարանտին բուսասանիտարական վիճակը չի համապատասխանում ինչպես ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկատվությանը, այնպես էլ ՀՀ տարածք ներմուծվող կարանտին բուսասանիտարական պահանջներին` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է նշված բեռի ներմուծումը: