
Ջեբ Բուշը կես տարում նախընտրական արշավի համար հավաքել է ավելի քան 114 մլն դոլար

Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով հավակնում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրվել թեկնածու, կես տարում նախընտրական արշավի կարիքների համար հավաքել է ավելի քան 114 մլն դոլար:
Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով նրա պաշտոնական ներկայացուցիչներին:
103 մլն դոլար Ջեբ Բուշն ստացել է Right to Rise հիմնադրամից: Եվս 11,4 մլն դոլար Բուշին հաջողվել է հավաքել վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ պաշտոնապես հայտարարեց ԱՄՆ նախագահ դառնալու իր հավակնությունների մասին:
Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, ավելի վաղ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող ոչ մի թեկնածուի չի հաջողվել այդքան մեծ գումար հավաքել նախընտրական քարոզարշավի վաղ փուլում:
Ինչպես վկայում են СNN-ի ու ORC հետազոտական ծառայության այս շաբաթ հրապարակված տվյալները, Ջեբ Բուշը ներկայում առավել մեծ շանսեր ունի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը 2016 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում: