Ի՞նչ որոշում է ստորագրել Ստեփանակերտի քաղաքապետը
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության մասին:
Ստեփանակերտի քաղքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ հաստատվել է քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը: Ծրագրում ներառված են մարզամշակութային բազմաբնույթ միջոցառումներ, պարգևատրման արարողություն: Տոնի առթիվ հանրակրթական դպրոցներում կկազմակերպվի լավագույն շարադրությունների մրցույթ` «Իմ Ստեփանակերտ» խորագրով:
Սեպտեմբերի 26-ին տոնական միջոցառումները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հուշարձանին` ծաղկեպսակի տեղադրմամբ: Շահումյանի անվան պուրակում մասնավորապես նախատեսվում է Արցախի նկարիչների միության, մանկապատանեկան ստեղծագործական և Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցների սաների աշխատանքների, հուշանվերների, ցուցահանդես-վաճառք: Վերածննդի հրապարակում, ասֆալտի վրա գեղարվեստական իրենց ունակություններով հանդես կգան փոքրիկ նկարիչները: Քաղաքապետարանի պատասխանատուները քաղաքի օրվա կապակցությամբ կայցելեն «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» և նորածիններին նվերներ կբաժանեն քաղաքապետի անունից:
Նվիրատվություններ կտրվեն նաև օրվա նորապսակներին: Գեղարվեստական լավագույն կոլեկտիվների կատարմամբ երեկոյան՝ Վերածննդի հրապարակում նախատեսվում է տոնական համերգ, որը կեզրափակվի տոնական հրավառությամբ: