
Ժոզե Մոուրինիոն նոր պայմանագիր է համաձայնեցրել «Չելսիի» հետ

Անգլիայի չեմպիոնները մրցաշրջանի սկզբին կհայտարարեն պորտուգալացու հետ կնքած 4 տարվա նոր պայմանագրի մասին:
Ժոզե Մոուրինիոն իր ապագան կապեց «Չելսիի» հետ` ակումբի հետ համաձայնեցնելով այդ նոր պայմանագրի պայմանները: Աշխատավարձը կմնա տարեկան 8,5 մլն ֆունտ (12 մլն եվրո):
Սպասվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի նոր մրցաշրջանի սկզբին:
Մոուրինիոյի մնալու որոշումը նշանակում է, որ նրա մերձավոր օգնականներ Ռուի Ֆարիան և Սիլվինո Լոուրոն նույնպես նոր պայմանագրեր կստորագրեն: Այս մասին տեղեկացնում է The Evening Standard-ը:
Օրեր առաջ Ժոզեն արդեն վերադարձել է թիմի մարզաբազա, որպեսզի պաշտոնապես սկսի նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները: Հուլիսի 15-ից «Չելսին» նախամրցաշրջանային խաղեր է անցկացրել Հյուսիսային Ամերիկայում:
Նախորդ մրցաշրջանում «կապույտները» հաղթել են Անգլիայի չեմպիոնատում և նվաճել են Լիգայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը