Երկուշաբթի օրը կսկսվեն Արիֆ ու Լեյլա Յունուսների գործով դատական առաջին լսումները
Ինչպես Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Էլչին Գամբարովը, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի քրեական գործով դատական նիստը նշանակված է հուլիսի 13-ին՝ ժ. 10.00-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Հայտնի իրավապաշտպանների նկատմամբ նախնական հետաքննությունը ավարտվել է հուլիսի 2-ին:
Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսին ձերբակալել էին 2014 թվականի հուլիսի 30-ին Բաքվում, իսկ Արիֆ Յունուսին՝ օգոստոսի 5-ին:
Նրանք ակտիվորեն զբաղվում էին իրավապաշտպան գործունեությամբ, մասնակցել են տարբեր միջազգային գիտաժողովների և սեմինարների, որոնք առնչվում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը:
Ամուսինները մեղադրվում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» ու այլ հանցանքների մեջ: Amnesty International կազմակերպությունը նրանց հայտարարել է «խղճի բանտարկյալներ»:
Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:
Նախօրեին ամերիկացի 16 սենատորներ կոչ էին արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արիֆ ու Լեյլա Յունուսներին: