![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում իրավապաշտպանները հանդիպել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/Andranik.jpg)
Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Էլչին Բեհբուդովը, նրա տեղակալ Էլչին Շիրինովն ու նրա օգնական Բահման Իմանովը հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ 1991թ. ծնված Անդրանիկ Գրիգորյանը որևէ բողոք չունի իրեն պահելու պայմաններից ու իր հանդեպ վերաբերմունքից:
«Անդրանիկ Գրիգորյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմը: Մեզ հետ զրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանում իր հետ շատ լավ են վարվում: Ի տարբերություն նրա զորամասի՝ Ադրբեջանում օրական 3 անգամ է կերակրվում: Շաբաթը 3-4 անգամ ունի լողանալու, մաքուր օդում զբոսնելու հնարավորություն: Սենյակում կա հեռուստացույց: Անդրանիկն ասել է, որ իր զորամասում շատ վատ պայմաններ են եղել:
Վաշտի հրամանատար Սուրեն Բալայանն ու մյուս զինծառայողները պարբերաբար ծեծել են իրեն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նրան հաճախ են այցելել, ինչի շնորհիվ էլ նա ընտանիքին նամակներ է ուղարկում: Նա նաև ասել է, որ կարոտում է իր սիրած աղջկան՝ Նուշիրին»,-պատմել է Բեհբուդովը:
Բեհբուդովի խոսքով՝ հանդիպման նպատակը եղել է հայ զինծառայողի պահման պայմանները տեսնելը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը: