Բաժիններ՝

«Այդ երիտասարդները մատ արեցին բոլորիս, և չի կարելի խոսել, թե շարժումը պետք է լիներ այսպես կամ այնպես». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօրվա ասուլիսին խոսելով Բաղրամյան պողոտայի իրադարձությունների մասին, ասաց, որ իրեն դուր չի գալիս, երբ տարբեր մասնագետներ՝ լուրջ դեմքերով, գնահատականներ են տալիս, քանի որ ոչ ոք դրա իրավունքը չունի.

«Բոլորի համար անսպասելի բուռն շարժում սկսվեց: Այդ երիտասարդները մատ արեցին բոլորիս, և չի կարելի խոսել, թե շարժումը պետք է լիներ այսպես կամ այնպես»:

Ըստ նրա՝ հաճախ ենք շփոթում քաղաքականությունն ու կուսակցականությունը.

«Կուսակցական ցանկացած շարժում, ցանկացած գործողություն քաղաքական գործողություն է: Բայց պարտադիր չէ, որ քաղաքական գործողությունը լինի կուսակցական: Այս շփոթությունը կա: Երիտասարդները քաղաքականությունը երբեմն շփոթում էին կուսակցականության հետ, և, այսպես ասած, պաշտպանվում էին կուսակցականությունից՝ ասելով, թե սա քաղաքական չէ: Ընդամենը եզրույթների շփոթում կար: Իհարկե, սա քաղաքական ցույց էր: Եթե նույնիսկ Սոցապ նախարարության դիմաց լիներ, էլի քաղաքական ցույց էր լինելու»:

Ոստիկանական գործողություններին իրավապաշտպանը տվեց հետևյալ գնահատականը.

«Հունիսի 23-ի գործողությունները վայրագություններ էին: Խաղաղ հավաքների սկզբունք կա, որը ներառված է նաև ՀՀ «Խաղաղ հավաքների մասին» օրենքում. անկախ նրանից, թե ինչ բնույթի են հավաքները, եթե խաղաղ են, ապա Ոստիկանությունը պետք է պաշտպանի և միջամտելու իրավունք չունի: Դա խաղաղ հավաք էր, և Ոստիկանությունը խախտեց բոլոր տեսակի նորմերը:

Մի կողմ դնենք, թե որքանով էր իրավաչափ բերման ենթարկելը. 3 ժամից ավելի նրանց պահելու իրավունք չունեին, բայց պահեցին ու այդ ընթացքում էլ թույլ էին տվել մի շարք անօրինականություններ: Դրանից հետո ոստիկաններն իրենց բավականին կոռեկտ էին պահում, ինչն իմ կարծիքով՝ քաղաքական որոշում էր: Վերջին գործողությունն էլ բավականին զուսպ էր, եթե հաշվի չառնենք, որ հավաքը խաղաղ էր: Բայց, ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանական մեքենաներում ու բաժանմունքներում որոշ ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն: Այսինքն՝ ոստիկանները չկարողացան մինչև վերջ պահել պատշաճության սահմանները»:

Ավ. Իշխանյանը նկատեց՝ մեր ամբողջ իշխանական համակարգը կոռուպցիոն է.

«Շատ հեշտ է մեղադրել ռուսներին, բայց, իմ կարծիքով, ստիպողական ոչինչ չի եղել, ու կամովին ենք էլեկտրացանցերը հանձնել ռուսներին: Եվ, ինչպես ամբողջ Հայաստանն է կոռումպացված, նա ավելի կոռումպացված է: Երիտասարդության բողոքը կուտակված բողոք էր՝ ընդանուր ամեն ինչի դեմ, որի թիրախն այս անգամ էլեկտրացանցերն էին: Շատ կարևոր է, որպեսզի խնդիրը լիարժեք լուծվի: Եթե ողջ ժողովուրդն աջակցի երիտասարդությանը, ապա նրանք հաջողության կհասնեն, ես համոզված եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս