
Անկարայում սպառնում են սպանել միասեռականներին

Թուրքիայում սուրբ համարվող Ռամադան ամիսը աչքի է ընկել նոր սկանդալներով: Այն բանից հետո, երբ ոստիկանությունը Ստամբուլում ցրեց գեյ-շքերթի ցուցարարներին, Անկարայի փողոցներում հայտնվեցին պաստառներ, որոնք կոչ են անում սպանել միասեռականներին:
«Հպարտության շթերթը» Ստամբուլում անցկացվում էր 13-րդ անգամ, սակայն ոստիկանությունը առաջին անգամ ցրեց դրա մասնակիցներին: Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, իրավապահները գործի էին դրել ջրցան մեքենաներ, ռետինե փոմփուշտներ:
Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մուտլուն հրաժարվել էր տալ շքերթի անցկացման թույլտվություն՝ պատճառաբանելով, որ դրա անցկացումը համընկնում է սրբազան ամսի հետ ու կարող է վիրավորել հավատացյալների զգացմունքները: Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին չէր թույլատրել մտնել Թաքսիմ հրապարակ ու արգելափակել էր հարևան փողոցներում:
Դրանից մի քանի օր անց Անկարայում տարածվեցին սպառալիք պարունակող գրությունները: Ըստ Iceriks պարբերականի՝ ակցիայի հետևում կանգնած են «Երիտասարդ իսլամական պաշտպանություն» շարժման անդամները:
Հիշեցնենք, որ միասեռականությունը Թուրքիայում անօրինական չի համարվում՝ ի տարբերություն մյուս մուսուլմանական երկրների: Երկրի մեծ քաղաքներում կան ԼԳԲՏ միություններ, սակայն շատերը իրենց սեքսուալ կողմնորոշումը թաքցնում են՝ վախենալով հասարակության արձագանքից: