Բաժիններ՝

Ցեղասպանագիտության մի շարք մասնագետներ Հայաստանում են

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովին նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը, ամերիկահայ հայտնի գրող, պատմաբան Փիթեր Բալաքյանը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոննա-Լի Ֆրիզը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը:

Ասուլիսի ընթացքում Հայկ Դեմոյանը հայտարարեց, որ հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում տեղի կունենա «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովի հանդիսավոր բացումը:

«Այս ոլորտի կարևորագույն գիտաժողովն այս տարի հյուրընկալում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Այս գիտաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության ու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու և, ինչու չէ, Հայաստանին և մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»,-նշեց Հայկ Դեմոյանը:

iags2015-conf03

Ասուլիսի ընթացքում կազմակերպիչները հայտնեցին, որ հեղինակավոր այս գիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի, թե՛ Ցեղասպանության 100-րդ տարելիցի տեսանկյունից: 2015 թ. գիտաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին: Ելույթ են ունենալու մասնագետներ 35 երկրներից, զեկույցները ընդհանուր թիվը շուրջ 130 է։

«Տարիներ առաջ էլ ենք մենք զեկույցներ ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով, բայց դրանց հիմնական շեշտը այն էր, որ դա ցեղասպանություն է, և որ դա չի կարելի ժխտել։ Իսկ այս գիտաժողովին ներկայացված զեկույցները Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասին տարբեր, ասպեկտներ, ավելի շատ նրբություններ են պարունակում»,- ասաց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության փոխնախագահ, Երևանում 12-րդ գիտական կոնֆերանսի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Դոննա Լի Ֆրիզը։

Սուրեն Մանուկյանը հավելեց, որ գիտաժողովը, որն անց է կացվում երկու տարին մեկ, ուղենշում է առաջիկա մի քանի տարվա ոլորտի զարգացման ուղղությունները: Այս տարի այն կարվի Երևանում: 1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:

iags2015-conf04

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:

Այստեղ կարող եք ծանոթանալ գիտաժողովի ամբողջական ծրագրին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս