Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը խոսել է Արաս Օզբիլիզի և մարզիչ Յակինի քաղաքական սկանդալի մասին

Ռուսական Чемпионат.com-ը խոսել է Հայաստանի Ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հետ՝ փորձելով պարզել ֆուտբոլիստի տեսակետները մի քանի կարևոր հարցերի շուրջ:

Զրույցի ընթացքում հայ հարձակվողը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հայտարարությունները նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հասցեին:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիզը երկար վնասվածքից հետո վերջապես ապաքինվել էր և պատրաստ էր վերադառնալ խաղադաշտ, բայց գլխավոր մարզիչն արգելել էր նրան և թույլ չէր տվել մարզվել ընդհանուր խմբում: Օզբիլիզը կարծում էր, որ սա այն պատճառով է, որ մարզիչը թուրք է, իսկ ինքը՝ հայ: Նշենք նաև, որ դեպքերն ապրիլին էին, երբ Հայաստանում իրականացվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող միջոցառումներ:

Յուրան նշել է, որ այդ մասին խոսել է Արասի հետ: Ըստ նրա՝ երկու կողմերի համար էլ պատմությունը տհաճ էր. պարզապես պետք չէր խառնել ֆուտբոլը քաղաքականության հետ: Եթե չհաշվենք այն, որ շատերն Արասի ասածներն ընդունեցին քաղաքական ենթատեքստով, ապա Մովսիսյանը կարծում է, որ մարզական առումով Արասի ասածները բացարձակ ճշմարտություն էին, և Յուրան 100 տոկոսով աջակցում է հայրենակցին:

«Պետք է հասկանալ, մարդը մեկ տարի չէր խաղացել, ապաքինվում էր ծնկի երրորդ լրջագույն վնասվածքից հետո, որից հետո ֆուտբոլիստների մեծամասնությունը երևի չէր կարողանա վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Իսկ Օզբիլիզը 8 ամիս, օրական 8 ժամ մարզվում էր, որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնվի: Եվ երբ պատրաստ էր միանալ թիմին, նրան, առանց որևէ պատճառի, թույլ չէին տալիս դա անել: Դա էլ բավական չէր, ուղարկում էին արհեստական խոտածածկով դաշտում մարզվելու»,- Մովսիսյանի խոսքերն է փոխանցում կայքը:

Յուրան նաև նշել է, որ ողջ ընթացքում Արասի կողքին է եղել և Արասի աշխատանքը տեսել է սեփական աչքերով:

«Ես ուղղակի խոսքեր չունեի: Դա աղետալի էր: Ես բոլորովին չեմ հասկանում այդ որոշման իմաստն ու այն մարդուն, ով ընդունել էր այն: Կարծում եմ՝ պետք է որևէ շարժառիթ լիներ նման բանի համար: Դրանց մասին ոչ ոք այդպես էլ չիմացավ: Մարդն 8 ամիս սպասում էր, որպեսզի վերադառնա խաղադաշտ, շփվի տղաների հետ, իսկ նրան ասում են ՝ ոչ: Դժվար է»,- անկեղծացել է Մովսիսյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս