Պետք չէ ողբերգություն սարքել երեկվա քաշքշուկից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է. «Այո, միանգամայն իրավացի են այն վերլուծաբանները, ովքեր արձանագրում են քաղաքացիական հասարակության փոքրիկ հաղթանակը և մեր պետության աննշան առաջընթացը: Իրավացի են նրանք, ովքեր պնդում են. տխրելու պատճառ չիք: Հակառակը՝ մեզ բոլորիս պետք է ուրախություն պարգևեն այն կամքն ու համառությունը, որ դրսևորեցին մեր երիտասարդները: Եվ բանը միայն հոսանքի սակագնի ժամանակավորապես կասեցման և աուդիտի որոշման մեջ չէ: Ավելի կարևոր ձեռքբերում ունեցանք՝ հավատ և հարգանք աճող սերնդի նկատմամբ: Թերևս բոլորն այս պայքարից դուրս եկան շահած՝ և երիտասարդները, և ոստիկանությունը, որը կարող էր շատ ավելի վայրագ պահել իրեն (նման օրինակներ մեր 25-ամյա պատմության ընթացքում շատ են եղել), և անգամ Սերժ Սարգսյանը, ով կես քայլ նահանջեց, փոքր-ինչ հանդուրժողականություն դրսևորեց և որոշակի հետևություններ արեց այս պատմությունից:

Եվ պետք չէ ողբերգություն սարքել երեկվա քաշքշուկից. ամբողջ աշխարհում է այդպես՝ պայքարի ելած մարդկանց նկատմամբ պատժիչ մեքենան միջոցներ է ձեռնարկում, և դրանք երբեմն կոշտ են ու տհաճ: Բայց երիտասարդները, որպես կանոն, հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ են լինում նման չափավոր բռնություններին և դա իրենց պայքարի բաղկացուցիչն են դիտում: Մյուս կողմից, ցանկացած պայքարի ակցիա, ի վերջո, ավարտվում է՝ հաճախ պարտությամբ, երբեմն՝ հաղթանակներով»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս