Ակտիվիստները ոստիկաններից ժամանակ են խնդրում պողոտայից տեղափոխվելու համար, ոստիկանները ժամանակ չեն տալիս
ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հայտարարությամբ տեղեկացրել է, որ այսօր, ժամը 12.30-ից սկսած պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով:
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
168.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից տեղեկացնում է, որ այս պահին ակտիվիստները ոստիկաններից ժամանակ են խնդրում տեղափոխվելու համար, սակայն ոստիկանները ժամանակ չեն տալիս:
Այս պահին պայքարի ակտիվիստ Դավիթ Սանասարյանն է բանակցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ, բայց վերջինս հրաժարվում է ժամանակ տալ: Ցուցարարները որոշեցին չլքել պողոտան: Դ. Սանասարյանն ասաց, որ եթե այսպես շարունակեն, ապա պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Վ. Օսիպյանը պողոտայում ներկա ակտիվիստներին կոչ է անում չտրվել Դ. Սանասարյանի սադրանքներին: