Բաժիններ՝

Տղերքը չզայնեցին, մալադե՜ց, Սե՜րժ. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այն, որ մեր բուհերը անցել են ուսխորհուրդներ կոչվող՝ ՀՀԿ-ԲՀԿ-ական երիտկարիերիստներից բաղկացած խաժամուժի ձեռքը, ու ծառայում են այդ պորտաբույծների՝ տարատեսակ «հոգևոր» և նյութական կարիքների բավարարմանը, հայտնի էր վաղուց, գրում է: Բայց այն, որ իրենց կալվածքները պահպանելու համար բուհերում զորքեր են ստեղծվել, ապացույցներ չկային: Երեկ այդ ապացույցը հայտնվեց «Յութուբում»:

Դասադուլի կոչով՝ Երևանի բուհերի մոտ անցկացված ակցիայի մասնակիցների դեմ, բուհերի ռեկտորատները հանել էին՝ «դասադուլին դեմ», «ուսման ծարավ» ուսանողներին:

ԵՊՀ-ի մոտ իրավիճակը մի փոքր լարվել է, և ահա այդտեղ է, որ առաջացել է «զորքի» կարիքը: Համացանցում հայտնված տեսաձայնագրության մեջ պարզ երևում և լսվում է, թե ինչպես է ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը, ակցիայի մասնակիցների հետ բանավեճից հետո ետ քաշվում, պտտվում դեպի «ուսման ծարավ» ուսանողները և հրահանգում՝ «զորքը բեր առաջ, տղեքին, ախլքալակցիներին բեր առաջ»: Ախալքալակցիներն էլ գալիս են առաջ ու ընթացքում իրար հիշեցնում ստացած հրահանգը՝ «զայնել չկա» (խփել):

Փաստորեն «Մայր բուհ» կոչվող այս հիմնարկում «էթնիկ» սկզբունքով զորք է ստեղծվել, որը պետք եղած իրավիճակներում դուրս է գալիս «թշնամու» դեմ: Ու կախված ստացած հրահանգից՝ կարող է «զայնել», կարող է «չզայնել»: Բոլորովին բնական պետք է համարել, որ հատկապես մարտական է տրամադրված ԵՊՀ-ի զորքը, որովհետև այս «բուհ» համարվող հիմնարկի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Նմանատիպ մի զորք էլ երեկ հանվել էր Ագրարային համալսարանում: Վերջիններս սկսել են հայհոյել ակցիայի մասնակիցներին ու ինչ-որ առարկաներ նետել նրանց ուղղությամբ: Այդ առարկաներից մեկը դիպել է մեր թղթակից Տաթև Խաչատրյանի գլխին և բավական սուր ցավ պատճառել:

Պատ կազմած ոստիկանները դա բնականաբար «չեն նկատել»: Սակայն տեսնելով թղթակցի վիճակը՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է նրան, հարցրել թե ինչ է պատահել, ապա հեռացել է դեպի «ուսման ծարավ» ուսանողները:

Մի քանի րոպե անց վերադարձել է և հայտարարել, թե «կարգի է հրավիրել օրինազանց ուսանողներին»: Ագրարայինի զորքը՝ տեսնելով մեր թղթակցի վիճակը, ավելի է բորբոքվել ու ավելի կոպիտ հայհոյանքներ տեղացել ակցիայի մասնակիցների և լրագրողների հասցեին:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ կամաց-կամաց բացահայտվում է, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս