«Հայաստանում չպետք է լինեն բդեշխներ». մամուլ
««Հայաստանում չպետք է լինեն բդեշխներ, կալվածատերեր 21-րդ դարում և նմանատիպ գործելաոճով ղեկավարներ: Սա՝ միանշանակ»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սյունիքի մարզպետի հրաժարականը պահանջելու հայտարարությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ Սյունիքը, որպես հայոց դարպաս, երբեք չպետք է ահաբեկման մթնոլորտում ապրի: Նշենք, որ երեկ Գորիսում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ որևէ հանդիպում չի կայացել: Ոչ մի գորիսեցի չի համարձակվել գնալ հանդիպման, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այցելությունը սկսել և ավարտել է իր «բարևներով»»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Մեր հարցին՝ եթե վախի մթնոլորտ կա, Կապանի հաղթանակն ինչի՞ արդյունք էր, չէ՞ որ մարզպետարանն այնտեղ է գտնվում՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, հարցը մենակ մարզպետարանը չի: Կապանը նախ իրենից բավականին հետաքրքիր երևույթ է ներկայացնում, այն առումով, որ դա ինդուստրիալ քաղաք է եղել, ազատ մտածող մարդկանց քաղաք է եղել: Եվ քանի որ ծնունդով Սյունիքի մարզպետն այնտեղից չէ, շատ ավելի ազատ իրավիճակ է եղել: Իսկ Գորիսում, որովհետև ծնունդով նա գորիսեցի է, այնտեղ բոլորովին այլ պատկեր է, ուստի և խնդիրը ոչ թե այն է, թե մարզպետարանը որտեղ է գտնվում, այլ ֆեոդալական ազդեցությունը որ տարածքում է տարածվում»»: