Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են ՀՀ կառավարության անդամները և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի և Վճռաբեկ դատարանի նախագահները, ՀՀ մարզպետները:

Նիստի սկզբում Հանրապետության նախագահը հետագա աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարևորել է երկու ձեռքբերում. առաջինը` միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը և երկրորդը՝ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի: «Հիմա շատ կարևոր է, էական է որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը: Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում և սոցիալական ցանցերում եղած նյութերը և, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաև իրավապահները»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նիստի օրակարգի շրջանակում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զեկուցել է 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների և միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների մասին: Զեկույցներ են ներկայացվել նաև 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից ստացված հաղորդումների (դիմումների) և դրանց ուսումնասիրության ընթացիկ արդյունքների մասին:

Նիստի արդյունքում ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսել Ընտրական օրենսդրության և ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբի գործունեությունը` ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմում ապահովելով քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը և ՀՀ դատախազությանը հանձնարարվել է` շարունակել պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումների քննարկումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս