Բաժիններ՝

«Այն նոր արտագաղթը, որը պետք է սկսվի, ինձ շատ է վախեցնում»

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին «Ազատության» հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսին տեսնելը, բավական զարմանալի էր: Զարմանալի էր թեկուզև այն պատճառով, որ նա աշխատելով պետական համակարգում՝ մասնակցում է ընդդիմության միջոցառմանը: Ռուդոլֆ Խառատյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հանրահավաքների մասնակցության հարուստ փորձ ունի՝ դեռ 1988թ.-ից: «Գիտեի, որ այստեղ միտինգ է լինելու, ինձ շատ հետաքրքիր էր, թե ի՞նչ է կատարվում: Միակ ափսոսանքս այն է, որ շատ հույսեր չկատարվեցին: Այն նոր արտագաղթը, որը պետք է սկսվի՝ ինձ շատ է վախեցնում: Այս պեսիմիստիկան մթնոլորտը, որ բոլորը նորության էին սպասում, ուզում էին նորը լինի, բայց չեղավ, ինձ վախեցնում է: Սա պատճառ կարող է դառնալ նոր արտագաղթի»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասաց գլխավոր բալետմայստերը: Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ իր համար շատ կարևոր էր հրապարակում հավաքված մարդկանց տրամադրություններին հաղորդակից լինելը: Նա որևէ կուսակցության անդամ չէ, և իր համար կարևոր չէ, թե ո՞վ կլինի երկրի նախագահը, կարևորն այն է, որ վերջինս արվեստը զարգացնի երկրում, իսկ որ արվեստի վիճակը մխիթարական չէ մեր երկրում՝ Ռուդոլֆ Խառատյանի համար ակնհայտ է: «Ես ուզում եմ, որ այն մարդը գա, որը մեզ առաջ կտանի, որովհետև այնքան անելիք ունենք: Երկար տարիներ դրսում ապրելով՝ տեսնում ես, թե իրենք ինչ արագությամբ են առաջ շարժվում, իսկ մենք որքան բան ունենք անելու»,- ասաց Ռուդոլֆ Խառատյանը: Նա նաև նշեց, որ գնացել է ընտրության և չի ընդունում ընտրողի պասիվ կեցվածքը: Թե ինչպե՞ս պետք է փոխվի երկրում ստեղծված այս իրավիճակը, արվեստագետն ինքն էլ չգիտի, սակայն արյունահեղության տանող ճանապարհը չի ընդունում, ինչպես դա եղավ 2008թ.-ին: «Ես չեմ ուզում նորից կոտորածներ լինեն, բայց ես կուզեի մարդկանց մեծ մասը դուրս գար և քվեարկեր»,- ասաց գլխավոր բալետմայստերը: Ըստ Ռուդոլֆ Խառատյանի՝ ոչինչ միանգամից չի լինում, և ժողովուրդը ներքուստ պատրաստ պետք է լինի փոփոխությունների, և այդ ժամանակ առաջնորդը կգտնվի: «Մենք այստեղ կանգնած՝ հասունանում ենք, առանց այս պրոցեսի չի լինում, առաջին հերթին` մարդկանց մտածելակերպը պիտի փոխվի»,- նկատեց Ռուդոլֆ Խառատյանը:
Խոսելով փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների մասին՝ Ռուդոլֆ Խառատյանն ասաց, թե ինքն էլ վերջական համոզված չէ, թե ո՞վ է հաղթել: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքի մասին տեղեկատվությունը հակասական է, մեկն ասում է՝ հաղթել է Սերժ Սարգսյանը, մյուսը պնդում է, թե իրականում Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել: «Ես օբյեկտիվ պետք է նայեմ, թե ո՞ր կողմն է ճիշտ, որպեսզի ոչ մեկին չմեղադրեմ, մինչև կոնկրետ թվեր չիմանամ՝ չեմ կարող որևէ բան ասել»,- նշեց Ռուդոլֆ Խառատյանը: Այն հարցին, թե չե՞ք վախենում, որ աշխատավայրում խնդիրներ կունենանք ընդդիմության միջոցառմանը մասնակցելու համար, Ռուդոլֆ Խառատյանը պատասխանեց, թե ինքն արվեստի կողմից է և կորցնելու բան չունի: «Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, և գործում եմ այնպես, որ գտնում եմ` մեր ազգի զարգացման համար արվեստի տեսանկյունից օգտակար կլինի»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս