Կարգելե՞ն եվրոպական երկրները Ռոբերտ Քոչարյանի մուտքը
«Կոռուպցիայի դեմ պայքարի» հասարակական կազմակերպության խորհրդի և «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը պատրաստվում է դիմել ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական և ԱՊՀ երկրների դեսպանատներին, որպեսզի արգելվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների մուտքն այդ երկրներ:
Գառնիկ Մարգարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հարցով են դիմում ներկայացնելու, այլ նաև իրենց «ցուցակում ընդգրկված մյուս օլիգարխ-թալանչիների»: Ցուցակի առաջին տասնյակը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գառնիկ Մարգարյանը, գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը: Նրա տեղեկություններով, ցուցակում ընդգրկված ներկա և նախկին պաշտոնյաներն այդ երկրներում ունեն հսկայական կապիտալ: «Եթե այդ երկրները խոսում են ժողովրդավարությունից, ինչո՞ւ են իրենց բանկերում պահպանում հայ ժողովրդից գողացված գումարները»,- հայտարարեց Գառնիկ Մարգարյանը: Նա նշեց, որ դիմելու են այդ երկրների ղեկավարներին, որպեսզի նմանատիպ հաշվեհամարների վրա կալանք դրվի, իսկ այլ կապիտալը վերադարձվի Հայաստան: 168.am-ի այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ո՞ր երկրներին է ավելի շատ վստահել իր ունեցվածքը, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց, թե նրա որդին մոսկովյան բանկերում հաշվեհամարներ ունի, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, աֆրիկյան և եվրոպական մի շարք երկրներում է ունեցվածք կուտակել: Գառնիկ Մարգարյանը նաև տվեց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի անունը, սակայն չմասնավորեցրեց նրա կապիտալի բաշխվածությունն արտերկրում:
Որքան էլ տարօրինակ հնչի, գործող նախագահ Սերժ Սարգսյանի անունն այդ ցուցակում դեռ «հաստատված» չէ։ Հարցին, թե կլինի՞ արդյոք Սերժ Սարգսյանն այդ ցուցակում, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց, թե իրենք ուշադիր հետևում են քաղաքական իրադարձություններին, և չի բացառվում, որ լինի նրա անունը: «Այն, ինչ ինքը դեկլարացիայում գրում է, աբսուրդ է և ծիծաղի արժանի»,- նշեց Գառնիկ Մարգարյանը: Իրենց հավաքած տեղեկատվությունը «Կոռուպցիայի դեմ պայքարի» հ/կ-ի նախագահը համարում է հավաստի՝ նշելով, որ իրենք համագործակցում են այլ երկրների նմանատիպ կառույցների հետ: «Կոռուպցիայի դեմ պայքարի» հասարակական կազմակերպության նախագահը շեշտեց, որ դեկտեմբերի վերջից համագործակցում են Ռուսաստանի նախագահին կից հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Վլադիմիր Մամաևի հետ: Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանո՞վ է վստահելի կոռուպցիայի շուրջ համագործակցությունը Ռուսաստանի նման երկրի հետ, Գառնիկ Մարգարյանը պնդեց, որ այնտեղ մեծածավալ պայքար է մղվում այդ երևույթի դեմ: «Օր չկա, որ բարձրաստիճան չինովնիկների նկատմամբ քրեական գործեր չհարուցվեն»,- հայտարարեց Գառնիկ Մարգարյանը: