Բաժիններ՝

ՀՀԿ-ի համար ամենաաբսուրդայինը եղել է Կապանում պարտությունը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քեֆ անել սիրող, նախընտրական շրջանում ռեստորաններից դուրս չեկող ՀՀԿ-ն նախորդ օրը ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանին է շնորհավորել: Գրասենյակն այնքան ճոխ է, որ կարող է մրցել ցանկացած ռեստորանի հետ: ՀՀԿ-ականներն առանձնապես բարձր տրամադրություն չեն ունեցել, պատճառը ընտրությունների արդյունքներն են:

Ժամուկես տևած հավաքին մասնակցել են ոչ միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, այլև բոլոր հայտնի պաշտոնյաներն ու գործարարները: Միակ թեման է եղել՝ ինչո՞ւ այդպես եղավ, թվարկել են բազում պատճառներ. ՀՀԿ-ականների «դինջությունը», փողի անհավասար «բաշխումը»:

«Քարոզչությունն էս անգամ էն չէր, խոհրդարանական ընտրություններին, երբ Գագոն կար, տուն-տուն, թաղ-թաղ անցնում էինք, մտածել էինք՝ Րաֆֆին ախպար է, շատ ձայն չի ունենա, բողոքական և մյուս ոչ ավանդական եկեղեցիների ներկայացուցիչների քանակը հաշվի չէինք առել»,- հավաքի մթնոլորտը ներկայացրեց մասնակիցներից մեկը:

ՀՀԿ-ի համար ամենաաբսուրդայինը եղել է Կապանում պարտությունը. այնտեղից պատգամավոր է Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Վերջինս ՀՀԿ շտաբի պետն էր և մեծ ազդեցություն ունի Սյունիքում, սակայն անգամ Քաջարան քաղաքում Սերժ Սարգսյանն աննշան տարբերությամբ է հաղթել Րաֆֆիին: «Հաշվի առեք, որ Կապանում միջին աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է, ու իշխանություններն այնտեղ պարտվում են. աբսուրդային է»,- արձանագրեց մեր զրուցակիցը:

Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում ասել է՝ գիտեմ, որ մարդիկ կան այստեղ, որոնց արդյունքները չեն գոհացնում, բայց սրան նույնպես պետք է պատրաստ լինեինք, որովհետև սոցիալական վիճակը երկրում էն չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս