Ինչ ազդեցության տակ ԵԽ ԽՎ դիտորդները փոխեցին իրենց դիրքորոշումը

Եվրոպացիներն իրենք են արդեն բարձրաձայն հայտարարում, որ կոռուպցիան իրենց մոտ հասել է ճգնաժամային մակարդակի, որ այն վտանգ է ներկայացնում քաղաքական ինստիտուտների և ժողովրդավարության համար: ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներից մեկը մեզ ասում է, որ եվրոպացիները հասկացել են, որ կաշառք վերցնելը լավ բան է, հատկապես, որ դա անհետևանք է մնում: Կոռուպցիան հատկապես անվտանգ է Եվրոպայից դուրս, այն երկրներում, որտեղ կոռուպցիան հանրային կյանքի անբաժան մասն է: Հայաստան եկած եվրոպացի դիտորդների կազմած փաստաթղթերը շատերին հիմք են տալիս մտածել, որ դրանք  կազմողները ևս զերծ չեն կոռուպցիայից: Եվրոպացիներն ունեն իրենց արդարացումը. ժողովրդավարությունը հնարավոր չէ պարտադրել, բայց մեզ նման «վայրենիների» հաշվին մի քիչ լավ զգալը չէր խանգարի:

ԵԽ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ առաջին զեկույցը հրապարակեց հունվարի 17-ին: Այն վերաբերում էր ընտրությունների նախապատրաստմանը, և դրանում բավական խիստ գնահատականներ կային:
Մասնավորապես, զեկույցում նշվում էր, որ դիտորդական պատվիրակության համար հիմնական մտահոգության առարկա են ընտրացուցակների էական անճշտությունները, հստակություն չկա արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցում: «Պատվիրակությունը հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»,- ասված էր զեկույցում:  Դիտորդներն առավել խիստ էին ընտրությունների մրցակցայնությանը վերաբերող իրենց գնահատականներում: «Քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ո՛չ բավարար հետաքրքրվածություն, ո՛չ էլ վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ: Դա լուրջ մտահոգության առարկա է, հատկապես՝ հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր թեկնածուների առաջադրում, որոշել են դա չանել ընտությունների ընթացքի նկատմամբ իրենց վստահության պակասի պատճառով: Այդ որոշումը սահմանափակել է քվեարկողների ընտրությունը` բերելով առավել ցավալի իրավիճակի, քանզի առաջիկա ընտրություններն արդեն իսկ ստվերված են համընդհանուր անտարբերությամբ և անվստահությամբ»,- ասված էր ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության հունվարյան զեկույցի մեջ:
Սա՝ հունվարին. մինչդեռ հենց երեկ. ընտրությունների հաջորդ օրը ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Քերին Ուոլդսեթը հայտարարեց, որ տեղի են ունեցել մրցակցային ընտրություններ, իսկ խոսելով հիմնական կուսակցությունների՝ ընտրություններին չմասնակցելու մասին, նա բառացիորեն հայտարարեց. «Այն, որ հիմնական կուսակցությունները որոշել են թեկնածուներ չառաջադրել, դուք պետք է մեղադրեք այդ կուսակցություններին»:
Իսկ ո՞ւր մնաց վստահության պակասը, որի մասին խոսում էին դիտորդները մեկ ամիս առաջ, ինչո՞ւ հիմա արդեն չեն խոսում արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման և մյուս խնդիրների մասին: Չէ՞ որ պատվիրակությունը գրեթե նույնն է, Քերին Ուոլդսեթն էլ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, ԵԽ ԽՎ հայաստանյան դիտորդական առաքելության ղեկավարն է:
Տեսակետ կա, որ նախորդ՝ հունվարյան զեկույցի հեղինակները եղել են պատվիրակության անդամներ Մելիսա Ռեպսը՝ Էստոնիայից, ով ԵԽ ԽՎ-ի լիբերալ դեմոկրատների խմբից է և ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ, Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Լուկա Վոլոնտեն: Ըստ այդ տեսակետն արտահայտողների,  հունվարյան զեկույցի խստությունը պայմանավորված է հենց այս երկու պատգամավորների անձնական դիրքորոշմամբ, և ներկա զեկույցի մեղմ լինելն էլ պայմանավորված է հայաստանյան առաքելությունից նրանց դուրս գալով: Իտալացի խորհրդարանականն Իտալիայում տեղի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի ընտրվել  Իտալիայի խորհրդարանի պատգամավոր և ինքնաբերաբար դուրս է մնացել նաև ԵԽ ԽՎ-ից, իսկ Մելիսա Ռեպսին դուրս են թողել պատվիրակության կազմից: Բայց արդյո՞ք կարելի է հավատալ, որ միայն երկու պատվիրակներ կարող էին ամբողջ պատվիրակությանն իրենց կամքը թելադրել, և արդյունքում՝ ներկայացվեր կոշտ և քննադատական զեկույց, իսկ նրանց բացակայությունն օգներ, որ հաջորդ զեկույցը, որը վերաբերում է բուն ընտրությանը, լիներ իշխանահաճո: Արդյո՞ք մենք գործ չունենք ոչ թե անձնական, այլ համակարգային՝ քաղաքական խնդրի հետ:
Երբ ԵԽ ԽՎ դիտորդական պատվիրակությունը հրապարակեց իր հունվարյան զեկույցը, ԵԽ ԽՎ-ի հետ հարաբերությունների համար պատասխանատու հայ պաշտոնյաները հայաստանյան մամուլում մի ուղղորդված վայնասուն սկսեցին այն թեմայով, որ զեկույցի քննադատական լինելու պատճառն ադրբեջանական լոբբինգն է, որ ադրբեջանցիները կաշառել են եվրոպացի պատգամավորներին, որ նրանք Հայաստանը և մեր ընտրությունները ներկայացնեն բացասական երանգներով: Սա պարզունակ շանտաժի դրսևորում  էր, որի նպատակն էր՝ եվրոպացի դիտորդներին վախեցնել, որ, եթե այդպես շարունակեք, ձեզ կներկայացնենք՝ որպես ադրբեջանցիների կողմից կաշառված, որ հետագայում նրանք ավելի զգույշ լինեն իրենց գնահատականներում: Որպեսզի ճնշումն ավելի ազդեցիկ լինի, հայաստանյան լրատվամիջոցներից բացի, գործին կցվեցին նաև որոշ ռուսական լրատվամիջոցներ: Իրականում եվրոպացի խորհրդարանականները կարող էին հասկանալ, թե ով է կաշառված. Իրե՞նք, թե՞ իրենց մասին նման բաներ գրող լրատվամիջոցները:Եվ կարող էին թքած ունենալ բոլոր այդ հրապարակումների վրա:
Բայց փաստն այն է, որ ԵԽ ԽՎ պատվիրակության հաջորդ զեկույցը ստացվեց չափից դուրս իշխանահաճո, այնպիսին, ինչպիսին չէր եղել երբևէ: Արդյո՞ք դա նշանակում է, որ եվրոպացիները վախեցան ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ գտնվելու մեղադրանքներից, և որոշեցին ցույց տալ, որ իրենք միանգամայն անկախ են, այն աստիճանի անկախ, որ, ի հեճուկս ադրբեջանցիների, կարող են հայաստանյան ընտրությունների մասին լավագույն գնահատականը հնչեցնել՝ անկախ այդ ընտրությունների որակից: Իսկ միգուցե, մերժելով ադրբեջանական նավթադոլարները, նրանք նախընտրեցին հայկական ջերմուկադոլարները: Ի վերջո,  հայկական փողերից նավթի կամ ձկնկիթի տհաճ հոտ չի գալիս:
Մի բան պարզ է. եվրոպացի դիտորդներն այլևս ոչնչով չեն տարբերվում ԱՊՀ այն դիտորդներից, ովքեր գալիս են Հայաստան՝ բացառապես կերուխում անելու և իրենց հիացմունքը մեր ընտրությունների առթիվ արտահայտելու համար: Ուղղակի, ի տարբերություն ԱՊՀ դիտորդների, ովքեր ազնիվ են իրենց գործողություններում, եվրոպացիները սկզբում կոշտ գնահատականներ են հնչեցնում՝ հետագա «բազարի» համար տեղ թողնելով: Դե, իսկ հայ պաշտոնյաներն էլ մեծ հաճույքով «բազար» են անում և իշխանահաճո զեկույցների միջոցով արձանագրում իրենց դիվանագիտական հմտությունը և պրոֆեսիոնալիզմը:

Տեսանյութեր

Լրահոս