Րաֆֆի Հովհաննիսյանը նախ պետք է պարզի, հետո շնորհավորի. Գագիկ Մինասյան

«Եթե պարզվի, որ աննախադեպ խախտումներ են եղել, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի որոշ անդամներ են ասում, իհարկե նա չի կարող գնալ այդ քայլին: Եթե պարզվի,որ  եղել են խախտումներ, որոնք որևէ կերպ չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա, ապա շատ անտրամաբանական կլինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չշնորհավորի»,-168.am-ին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը`պատասխանելով այն հարցին, թե կշնորհավորի՞ արդյոք «Ժառանգության» առաջնորդը  Սերժ Սարգսյանին:

Գագիկ Մինասյանի խոսքերով, այդ ամենը պարզելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իրավական ճանապարհ ընտրի, այսինք ` օրենքով սահմանված կարգով այդ խախտումների մասին դիմի համապատասխան մարմիններին: «Կան իրավական գործընթացներ, որոնք պետք է իրականացնել: Եթե այդ իրավական  գործընթացների արդյունքում իրավական որոշումներ կայացվեն, նոր այդ որոշումներ լույսի ներքո պետք է կատարվեն քաղաքական քայլեր»,-նշեց Գագիկ Մինասյանը:

Ետընտրական շրջանում հանրահավաքները, միտինգները, տեսակետների արտահայտումը Գագիկ Մինասյանի համար ընդունելի են, նույնիսկ անհրաժեշտ, քանի որ դրանք ժողովրդավարական երկրին բնորոշ բաղադրիչներ: են «Ժողովրդավարական երկրները հենց այնպիսի երկրներն են, որտեղ ցանկացած կուսակցության համակիրների այդպիսի դրսևորումները օբյեկտիվ են: Խնդիրն այլ է. կան քաղաքական գորընթացներ և կան իրավական գործընացներ, քանի դեռ խնդիրը  իրավական ճանապարհով չի անցել, ինքնակոչ հայտարարություն անելը ժողովրդին տանում է  փորձությունների»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե կընդունի  արդյոք Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքում հնչեցրած առաջարկ, այն է` մինչև այսօրվա հանրահավաքը հանդիպել  և իշխանությունը փոխանցել ժողովրդին, Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ կարծում է` հանդիպում չի լինի:

Հ.Գ.- Նշենք, որ ասուլիսից կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ նախագահը պատրաստ է հանդիպել Ր. Հովհաննիսյանին՝ վերջինիս հարմար ցանկացած ժամի։

Տեսանյութեր

Լրահոս