Ծառուկյանը չի քվեարկել, սակայն քվեարկության է տարել բանվորներին
Արարատ քաղաքի բնակիչներից մեկը, ով աշխատում է այդ քաղաքում գտնվող ցեմենտի գործարանում, 168.am-ին պատմել է, որ շաբաթ օրը զանգահարել են գործարանի բոլոր աշխատակիցներին և ասել, որ փետրվարի 18-ին ներկայանան գործարան: Իրենք ուրախացել են՝ մտածելով, որ գործարանն աշխատելու է:
Բանն այն է, որ Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, և այն աշխատում է բավական մեծ ընդհատումներով, ինչի` պաշտոնապես հայտարարվող պատճառը սպառման շուկայի բացակայությունն է: Գործարանը որոշ ժամանակ աշխատում է, արտադրանքը պահեստավորվում է, հետո աշխատակիցները մատնվում են պարապուրդի` մինչև արտադրանքի այդ խմբաքանակի իրացումը: Այդ պարապուրդի ընթացքում բանվորները չեն վարձատրվում:
Երկուշաբթի օրը բանվորները գնացել են գործարան` հույսով, որ կաշխատեն և աշխատավարձ կստանան, սակայն իրենց նստեցրել են ավտոբուսներ և տարել ընտրատեղամասեր` հրահանգելով քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Մեր զրուցակիցը պատմում էր, որ իրենց նույնիսկ ինքնուրույն քվեարկել չեն վստահել ու կազմակերպել են կարուսել, որպեսզի իրենք քվեարկած քվեաթերթիկը գցեն քվեատուփը, իսկ դատարկ քվեաթերթիկը դուրս տանեն:
Արարատի ցեմենտի գործարանում աշխատում է մոտ 1600 մարդ, և նաև այդ աշխատողների պարտադիր քվեարկության շնորհիվ է, որ ապահովվել է Արարատ քաղաքի ընտրողների բարձր մասնակցությունն ու Սերժ Սարգսյանի անվերապահ հաղթանակը: Գագիկ Ծառուկյանն արել է բոլոր հնարավոր ցուցադրական քայլերը, որպեսզի ապացուցի, որ ինքն անմնացորդ նվիրումով աշխատում է՝ հանուն Սերժ Սարգսյանի հաղթանակի: Այս տեղեկությունն ուշագրավ է այսօր Ծառուկյանի մամլո խոսնակի արած այն հայտարարության համատեքստում, որ ԲՀԿ ղեկավարը փետրվարի 18-ին գտնվել է Հայաստանում, սակայն չի մասնակցել քվեարկությանը: