«Առաջին նախագահն իրավունք չունի չգնալ ընտրության»
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին քվեարկության մասնակցելն անակնկալ էր հանրության համար, քանի որ նրա ղեկավարած դաշինքը հրաժարվել էր նախագահի ընտրություններին թեկնածու առաջադրել, իսկ հետագայում էլ հայտարարել էին, որ չեն պատրաստվում առաջադրվածներից որևէ մեկին սատարել՝ պատճառաբանությամբ, որ միևնույն է, ընտրությունների կեղծվելու են:
ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-դեմոկրատական»կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, սակայն, ՀԱԿ առաջնորդի քայլը համարում է արդարացված: Նրա կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը երկակի ընտրության առջև էր, մի կողմից՝ հանդես էր գալիս՝ իբրև Կոնգրեսի առաջնորդ, մյուս կողմից՝ չէր կարող մոռանալ, որ ինքն առաջին նախագահն է:
«ՀԱԿ-ի մի թևը որոշել է, որ ընտրությունները պետք է բոյկոտել: Սա մի դիրքորոշում է, բայց մյուս կողմից՝ ինքը հանրապետության հիմնադիր նախագահ է: Հիմնադիր նախագահը, առաջին նախագահը, պետության հիմքերը ստեղծող նախագահն իրավունք չունի չգնալ ընտրության: Ինքը նախընտրել է լինել հիմնադիր նախագահ և ճիշտ է արել, որ գնացել է: Այլ բան է, որ այս պահին իր քաղաքական գործընկերների հետ իր դիրքորոշումը չի համընկնում, այստեղ հակասություն կա, դա իր խնդիրն է, բայց գնալը ճիշտ էր»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Սոս Գիմիշյանը: