9/02-ում ուրիշի փոխարեն քվեարկող քաղաքացին փախավ տեղամասից (Տեսանյութ)

Երևանի թիվ 9/02 ընտրատեղամասում iLur.am-ի թղթակիցը առավոտյան 9-ից հետո մի շարք խախտումներ է արձանագրել:

Նախ, նրա մոտ կասկածներ են հարուցել անձնագրի մեջ կնիք դնող հանձնաժողովի անդամի շարժումները: Երբ քվեարկած քաղաքացիներից երկուսին խնդրել են ցույց տալ անձնագրերը, պարզվել է, որ դրանցում քվեարկությունը հաստատող կնիք չկա: Հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանը (ՀՀԿ) ենթադրել է, որ թանաքը, հավանաբար, ցնդել է:

Որոշ ժամանակ հետո մի երիտասարդ տեղամասի միջանցքում նախ մի քանի րոպե զրուցել է «Հանրապետականի» վստահված անձ ներկայացած երիտասարդի հետ, ապա մոտեցել քվեաթերթիկ ստանալու: Վերջինիս խնդրել են ցույց տալ անձնագիրը: Անձնագիրը պատկանում էր Վիգեն Անդրանիկի Սարգսյանին, սակայն լուսանկարում պատկերված մարդը և անձնագիրը ներկայացնողը ակնհայտորեն տարբեր մարդիկ են եղել:

Հանձնաժողովի անդամը փորձել է տվյալներ իմանալ, պարզվել է, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը և ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրել է անձնագիրը ստուգելու, երիտասարդը այն խլել է նրա ձեռքից և փախել: Հանձնաժողովի նախագահը «չի հասել» նրա հետևից, իսկ տարածքում հերթապահություն անող ոստիկանները «չեն նկատել» նրան:

Միջադեպից հետո հանձնաժողովի անդամները տեղական դիտորդների հետ միասին քննարկել են հետագա անելիքները: Կարծիքներ են հնչել, որ երիտասարդը համր է եղել, դրա համար չի կարողացել արտաբերել իր անունը (տեսանյութում նրա ձայնը լսվում է), նույնիսկ կարծիք է հնչել, որ iLur.am-ի թղթակիցն է շփոթեցրել նրան:

Հանձնաժողովի նախագահը ԸԸՀ հետ խորհրդակցելուց հետո կարգադրել է անդամներին՝ արձանագրություն կազմել միջադեպի մասին:

Ի դեպ, տեղամասում թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանն է վստահված անձ ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս