5-25 հազար դրամից՝ մինչև գունավոր գրիչներ
Ժառանգություն կուսակցության նախընտրական շտաբը այսօր ստացել է մի շարք ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր: Այս մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է կուսակցության նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ստեփանավանի Ագարակ համայնքից ստացել են ահազանգ, որ 560 ընտրողից 300-ը բացակայում են երկրից, ու այդ 300-ի փոխարեն գյուղի գյուղապետը, որի վրա դրված է, որ ինքը պետք է ապահովի պլյուս 300 ձայն, պատրաստվում է լցոնման միջոցով դա ապահովել»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը:
Վերջինս հայտնել է նաև, որ ունեն ահազանգեր այն մասին, որ կան քաղաքացիներ, որոնք շուրջ 10 տարի է բացակայում են հանրապետությունից, բայց մինչև հիմա նրանց անունները գտնվում են ընտրացուցակներում:
Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգեր ևս կուսակցության նախընտրական շտաբը ստացել է: «Էնքան շատ են ահազանգերը՝ Էրեբունիից, Սարի թաղից, Հրազդանից: Բաժանում են 5 հազարից մինչև 20 հազար դրամ, նույնիսկ 25 հազարի ինֆորմացիա կա Չորրորդ գյուղում, որ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողմից է բաժանվում»,- ասել է Ժառանգություն կուսակցության նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Իսկ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ մի շարք ահազանգեր ինքը անձամբ է ստացել:
«Ինձ զանգել և բանավոր են հայտնել, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղում 5 հազար դրամանոց չեքեր են բաժանում ընտրողներին: Եղել են ահազանգեր այն մասին, որ ընտրողներին բաժանում են գունավոր գրիչներ՝ հայտնելով, որ ընտրողները պարտավոր են քվեաթերթիկում նշումներ անել միայն այդ գրիչներով»,- ասել է պատգամավորը: Հեռախոսազանգերի մասին Զարուհի Փոստանջյանը տեղյակ է պահել իրենց կուսակցության նախընտրական շտաբին: