ICES դիտորդները Շիրակի մարզում հետևել են ընտրատեղամասերում տարվող աշխատանքերին

Շիրակի մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում և ընտրատեղամասերում տարվող աշխատանքերին փետրվարի 17-ին հետևել են միջազգային դիտորդները: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամները Շիրակի մարզում ուսումնասիրությունները սկսել են  փետրվարի 16-ից և արդեն հասցրել էր ծանոթանալ Գյումրիի մի քանի տեղամասերում տարվող աշխատանքներին:

Դիտորդական առաքելությամբ Գյումրիում գտնվող պատվիրակության անդամների հետաքրքրության շրջանակը բավական ընդգրկուն էր` սկսած կնիքների գործածությունից, հանձնաժողովի անդամների վերապատրաստման գործընթացից մինչև տեղամասերում հսկողությունն իրականացնող իրավապահ մարմինների կոչումները և վերջիններիս ընտրական իրավունքի հետ կապված հարցերը: Դիտորդները նաև հետաքրքրվեցին հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող, զինվորական ծառայության մեջ, բայց ընտրության օրը արձակուրդով բնակության վայրում գտնվող, ինչպես նաև տեղաշարժման լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների ընտրելու կարգից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ պատվիրակության անդամ,  ՀՀ-ում և Վրաստանում Իսրայելի առաջին դեսպան Բարուհ Բեն Ներիյան տեղեկացրել է, որ պատվիրակության անդամները նախ ուսումնասիրել են ՀՀ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, իսկ այժմ  հերթը տեղամասերում և ԸԸՀ-ում տարվող նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է: Ի դեպ, Բարուհ Բեն Ներիյան նշեց, որ իր դիվանագիտական առաքելությունն  ավարտելուց և երկրից մեկնելուց հետո 16 տարի անց արդեն դիտորդական առաքելությամբ առաջին անգամ վերադարձել է Հայաստան 2012  թվականի մայիսին՝ ԱԺ ընտրություններին:

«Այսօր արդեն դրական մեծ տեղաշարժ ենք նկատում: Նկատելի է նաեւ ժողովրդավարական համակարգի զարգացումը: Հույս ունենք, որ  նախագահական այս ընտրությունները Հայաստանի համար կլինեն լավագույնը»,- նշել է Բարուհ Բեն Ներիյան:

ICES-ի պատվիրակությունը` տարբեր երկրներից ժամանած դիտորդներով, վաղը ևւս ամբողջ օրը կլինի ընտրատեղամասերում եւ ԸԸՀ-ում:-

Տեսանյութեր

Լրահոս