Բաժիններ՝

Քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 19-ին` մինչև ժամը 20-ը

ՀՀ նախագահի ընտրություններին գրանցված թեկնածուների նախընտրական քարոզարշավն ավարտված է, և այսօր «լռության օր» է: Դա, սակայն, չի նշանակում, որ ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերի համար այսօր հանգստյան օր է: Վստահաբար կարելի է ասել, որ թեկնածուների նախընտրական թիմերի համար սա վաղվա աշխատանքները հնարավորինս արդյունավետ կոորդինացնելու և նկատված թերությունները շտկելու վերջին հնարավորությունն է:

Ոչ պակաս լարված է օրը նաև քվեարկության կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմինների համար: Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, այսօր մինչև ժամը 24-ը քվեարկության սենյակների կահավորումը պետք է ավարտված լինի: Այսօր նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին հանձնեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, փաթեթավորված կնիքը, դրոշմակնիքը, հանձնաժողովների անդամների անհատական կնիքները: Մինչև ժամը 24-ը ՏԸՀ-ներին հանձնված բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների էջերը պետք է ստորագրված լինեն:

Վաղը` փետրվարի 18-ին, ժամը 7-ին կսկսվեն բոլոր ՏԸՀ-ների նիստերը: Քվեարկությունը կմեկնարկի ժամը 8-ին և կավարտվի ժամը 20-ին:

Քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձևավորվել են 1 988 ընտրական տեղամասեր, դրանցից 7-ը` քրեակատարողական հիմնարկներում: ԿԸՀ-ն դեռևս փետրվարի 8-ին ընդունած որոշմամբ սահմանել է նախագահական ընտրություններին կալանավորված անձանց պահելու վայրերում քվեարկության սկիզբը` հաշվի առնելով այդ հիմնարկներում պահվող անձանց թիվը: Ըստ այդմ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քվեարկությունը կսկսվի ժամը 10-ին, իսկ «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն», «Աբովյան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» ՔԿՀ-ներում` ժամը 17-ին:

Դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիներն ընտրելու իրավունք չունեն:

Ընտրությունները դիտարկելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 12 միջազգային կառույցների 632 և 26 տեղական հասարակական կազմակերպությունների 6251 դիտորներ:

Քվեարկության օրը ժամը 8-ից կբացվի ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնը: Օրվա ընթացքում, ԿԸՀ-ում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցի համաձայն, կհրապարակվի քվեարկության ընթացքի, ինչպես նաև ստացված դիմումների, հաղորդումների վերաբերյալ տեղեկատվություն: Ընտրական օրենսգրքի պահանջի համաձայն, ժամը 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին կհրապարակվեն տեղեկություններ մինչև համապատասխանաբար ժամը 11-ը, 14-ը, 17-ը և 20-ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի (մարզերում` նաև ըստ մարզկենտրոնների և մարզի` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի:

Ժամը 22-ին կայանալիք նիստում ԿԸՀ-ն կամփոփի ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների էլեկտրոնային քվեարկության արդյունքները և կստորագրի համապատասխան արձանագրությունը:

Կեսգիշերից հետո կսկսվի քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը` ըստ ընտրական տեղամասերի, և տվյալների հրապարակումը:

ԿԸՀ-ն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա, ՀՀ նախագահի ընտրության քվեարկության նախնական արդյունքները կամփոփի, արձանագրությամբ կվավերացնի ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի փետրվարի 19-ին` մինչև ժամը 20-ը:

Ընտրության արդյունքները կամփոփվեն և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ԿԸՀ-ն կընդունի փետրվարի 25-ին:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս