Բաժիններ՝

«Համբուրվում ենք այնքան, մինչև ստացվի…. ավելի շատ կիրք… Գլուխդ՝ աջ… Լեզուդ չպետք է երևա…» (լուսանկարներ)

Փետրվարի 11-ից 28-ը Միլանում անցկացվում է կինոյի պատմության լավագույն համբույրների «Համբուրիր ինձ, հիմարիկ» ցուցահանդեսը: Ընդհանրապես, համբույրը համարվում է կինոյի ամենագեղեցիկ և ամենաբարդ տարրերից մեկը:

Առաջին համբույրն էկրանին հայտնվել է 1896թ. ամերիկյան 30 վայրկյանանոց «Համբույր» ֆիլմում: Այդ ժամանակ դա սենսացիա էր, իսկ այժմ` սովորական երևույթ: «Տեսախցիկի առջև համբույրը սիրուց ամենահեռու գտնվող երևույթն է»: Այս խոստովանության հեղինակը լեգենդար Բրիջիտ Բարդոն է: Եվ իրոք, ֆրանսիացի սեքս-խորհրդանիշը լավ է հասկացել թե՝ սիրո և թե համբույրի նրբությունները: Կինոհամբույրներն իրականներից լիովին տարբերվում են: Համբուրվող դերասաններին շրջապատում են տասնյակ մարդիկ՝ զինված տարբեր սարքավորումներով: Մեկը դերասանների աչքերին լույս է ուղղում, մյուսը բարձրախոսով գոռում է. «Ավելի շատ կիրք… Գլուխդ՝ աջ… Լեզուդ չպետք է երևա…»: Բնականաբար, նման պայմաններում սիրո մասին խոսք անգամ լինել չի կարող:

Այսօր գրեթե բոլոր ֆիլմերում առկա են համբույրի տեսարաններ, սակայն այն, ինչ արդյունքում տեսնում է հանդիսատեսը, այն քնքշությունն ու զգացմունքայնությունը, որոնք ցույց է տալիս էկրանը, խաբկանք են: Շատ հաճախ այդ մասին խոստովանում են հենց դերասանները:

Ժամանակին մեծ աղմուկ հանած «Ինն ու կես շաբաթ» էրոտիկ դրամայի ցուցադրումից հետո Կիմ Բեսինջերը հայտարարել է, թե Միկի Ռուրկն ամենևին աչքի չի ընկնում մաքրասիրությամբ, և նրա հետ համբուրվելը պարզապես տհաճ է (գոնե ատամները կարող էր լվանալ):

1-devyat-s-polovinoj-nedel

Հոլիվուդյան սրտակեր Ջորջ Կլունին, ով իր կարիերայի ընթացքում տեսախցիկի առջև համբուրվել է բազմաթիվ դերասանուհիների հետ, բացասաբար է հիշում «Տեսադաշտից դուրս» ֆիլմում իր գործընկերուհուն՝ Ջենիֆեր Լոպեսին: Կլունին նրա համբուրվելու ձևը բնորոշել է որպես կոպիտ, ինքնավստահ և քաղքենի: Դերասանուհին չի պատասխանել վիրավորանքին, սակայն նրա փոխարեն «վրեժխնդիր» է եղել Ջուլյա Ռոբերթսը: Նա խոստովանել է, որ «Օուշենի 11 ընկերները» ֆիլմում ինքն է Կլունիին սովորեցրել համբուրվելու արվեստը. «Նա փայտի նման էր, ես նրան անընդհատ ասում էի՝ դե, մի բան արա»:

Բրեդ Փիթը նույնպես հայտնվել է «հարվածի տակ»: Կիրստեն Դանստը հայտարարել է, որ նա զզվելի ձևով է համբուրվում: Այս զույգը համբուրվել է «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմում, երբ Կիրստենն ընդամենը 11 տարեկան էր: «Ես համոզված եմ, որ այժմ, երբ ես արդեն մեծ եմ, ինձ դուր կգար Փիթի հետ համբուրվելը, բայց այն ժամանակ ես ուզում էի միայն ասել. «Թու»: Չնայած նա բարի էր իմ հանդեպ, բայց նրա շուրթերը շատ կոպիտ էին, ինձ տհաճ էր»,- վերջերս ասել է երիտասարդ դերասանուհին:

2-vampire

Մի բան է տհաճությունը, մի այլ բան՝ անկարողությունը, անհարմարավետությունը, հիմարության զգացումը: «Խաչմերուկներ» ֆիլմում իր առաջին դերասանական աշխատանքի ժամանակ Բրիթնի Սփիրսը հեշտությամբ հաղթահարել է ամեն ինչ, բացի համբուրվելու տեսարանից: Ականատեսը պատմում է. «Բրիթնին նյարդայնացած էր, բայց իրեն զսպում էր՝ մինչև համբուրվելու պահը: Երբ խաղընկերը դիպչեց նրան, նա չդիմացավ և սկսեց բարձր ձայնով ծիծաղել»: Դա այն ժամանակ էր, երբ երգչուհին հայտնի էր՝ որպես ամերիկյան թիվ մեկ կույս: Կինոհամբույրներն ատող դերասանուհիներից է նաև Ջուլիանա Մուրը: Նա ասում է, որ չի սիրում տեսախցիկի առջև համբուրվել, որովհետև այդ պահին դադարում է իրեն պրոֆեսիոնալ զգալ:

Մեկնաբանելով իրենց խաղընկերների համբուրվելու ունակությունը՝ դերասանները հաճախ ծայրահեղություններ են ասում: Ոմանք ասում են, որ կինոհամբույրից իրենք զզվել են, իսկ մյուսները խոսում են դրանց հաճելիության մասին: Մինչև մահ Տոնի Կերտիսը չէր կարող մոռանալ, թե ինչպես է «Ջազում միայն աղջիկներն են» ժապավենում համբուրվել Մերիլին Մոնրոյի հետ: Դերասանը խոստովանել է, որ այնքան գրգռված է եղել, որ չի կարողացել կենտրոնանալ նկարահանումների վրա: «Մերիլինը քնքուշ էր, բայց ծայրահեղ ագրեսիվ ձևով էր համբուրվում: Ֆանտաստիկ զգացողություն էր…»,- ասել է Կերտիսը:

3-jazz

Այս դեպքը հասկանալի է, բայց, որ Վայնոնա Ռայդերն է հիացած խոսում Ջենիֆեր Էնիստոնի համբույրից («Ընկերներ» սերիալի նկարահանման հրապարակում), դա արդեն լուրջ է: «Ափսոս, որ էկրանին շուրթերը չեն երևում: Այդ էպիզոդի համար ես նույնիսկ ծամոնս դեն նետեցի, որպեսզի իրականում լավ կարողանամ համբուրվել: Ջենին դա լավ է անում»,- ասել է Վայնոնան:

Կինոյի ամենաանսովոր համբույրի հեղինակը Բրեդ Փիթն է: «Աշնան լեգենդները» ֆիլմի նկարահանման հրապարակում մեծ արջ է եղել: Երբ մի պահ վարժեցնողի ուշադրությունը շեղվել է, գազանը մոտեցել է վախից քարացած Բրեդին և սկսել է լիզել նրա դեմքը: «Այդ հսկա կենդանու համբույրը ինձ մի քիչ նյարդայնացրեց, բայց այդ փորձը ես երբեք չեմ մոռանա»,- հետա•գայում խոստովանել է Փիթը:

 

Հիշարժան կինոհամբույրները

Վերջերս հրապարակվեցին կինոհամբույրների վերաբերյալ ԱՄՆ-ում անցկացված հարցումների արդյունքները: Դրանք արտահայտում են հանդիսականների կարծիքները համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենահիշվող համբույրների մասին: «Արգելված համբույր» է ճանաչվել Հիթ Լեջերի և Ջեյկ Ջիլենհաալի համբույրը «Սապատավոր լեռը» ֆիլմում: Արգելված է նրա համար, որ նախ՝ համբուրվողները տղամարդիկ են, և երկրորդ՝ համբուրվում են նրանցից մեկի կնոջ աչքերի առջև: Ընդ որում, այդ համբույրի նկարահանման ժամանակ Լեջերը կոտրել է Ջիլենհաալի քիթը:

Ամենահաջողված մուլտիպլիկացիոն համբույրը «Լեդին և Թափառաշրջիկը» անիմացիոն ժապավենում կոկեր-սպանիելի և բակի շան համբույրն է: Իտալական ռեստորանի բակում նրանք սկսում են մակարոնն ուտել տարբեր ծայրերից և, երբ հասնում են իրար, համբուրվում են:

4-lady-and-the-tramp

Գեղեցիկ համբույրը միշտ չէ, որ փոխադարձ կրքի արդյունք է: Այդ դեպքում դա ագրեսիվ համբույր է: Կինոյի պատմության մեջ ամենաագրեսիվ համբուրվողները եղել են Կլարկ Գեյբլն ու Վիվիեն Լին` «Քամուց քշվածները» ժապավենում: Երբ Սկարլետը Ռետին մերժում է, զայրացած տղամարդը գրկում է կնոջը և ուժգին համբուրում է նրան:

5-gone with the wind

Ամենավուլգար համբույրի հեղինակը ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին է: Նրա «Երազողները» ժապավենում, այն բանից հետո, երբ Իզաբելը (Եվա Գրին) զրկվում է կուսությունից, նրա սիրեկանը (Մայքլ Պիտ) հավաքում է արյունը, քսում է աղջկա երեսին և սկսում է համբուրել նրան` հենց նրա եղբոր աչքերի առջև:

Երբեմն համբույրի էությունը համբուրվելու վայրն է: Ժապավենի վրա մինչև այժմ նկարահանված լավագույն համբուրվելու ֆոնը Հավայան կղզիների լողափն է, որտեղ 1953թ. «Այսուհետ և հավերժ» ֆիլմում համբուրվել են Բերտ Լանկաստերը և Դեբորա Կերը: Իսկ լավագույն կինոհամբույրի «հերոսները» դերասաններ Ռայան Գոսլինգն ու Ռեյչլ ՄակԱդամսն են, ովքեր բազմիցս համբուրվել են 2004-ին նկարահանված «Հիշողության նոթեր» դրամայում:

6-aysuhet

Ամենաերկարատև համբույրը մինչև վերջերս եղել է 1940թ. նկարահանված «Այժմ մենք բանակում ենք» ֆիլմի համբույրը՝ 3 րոպե 5 վայրկյան տևողությամբ: Սակայն 1996թ. այս ռեկորդը հաղթահարեց «Լիալուսին» ժապավենը, որում նկարահանված համբույրը տևում է 3 րոպե 23 վայրկյան:

Վերջում նշենք, որ ֆիլմ կրկնօրինակող դերասանները հաճախ ստիպված են լինում համբույրի ձայներ հանել: Սակայն իրականում նրանց միջև ոչ մի ինտիմ երևույթ տեղի չեն ունենում: Որպես ֆիլմ կրկնօրինակող դերասանի գործընկեր՝  համբույրի տեսարանում հաճախ հանդես է գալիս հենց իր սեփական ձեռքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս