Ովքեր մեր երկիրը դիտում են՝ որպես անձնական «զոնա», պատրաստվեն իրենց «զոնաների» համար. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ճշմարտությունն է մեր տունը, և այսօրն է մեր կյանքի պարգևը, մեր հուսո, բերկրանքի ծնունդը: Մենք պահանջում ենք մեր վաղվա օրը, ազատությունն է մեր իրավունքը` ի վերուստ շնորհված, հավասարապես տրված բոլորիս Աստծուց և Սահմանադրությամբ: Մենք կծաղկենք՝ շնորհիվ մեր անքակտելի իրավունքի, արդարության, մեր ժառանգության, և այն չի գողացվի մեր երեխաներից, ոչ մեկը սրանից հետո չի՛ գողանա մեր արդարությունը մեր երեխաներից»,- այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իր նախընտրական եզրափակիչ ելույթում, հավաքված հոծ բազմության առջև ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք բոլորս գիտենք, որ գտնվում ենք հայկական մեծ հեղափոխության, ոչ թե արյան, այլ ոգու գիտակցության, ընտրության հեղափոխության նախաշեմին: Երկու օր անց վերջապես երևալու է մեր երեխաների համար ազատ, իրավական, ժողովրդավարական և քաղաքացիական  Հայաստանի հեռանկարը, ուզո՞ւմ ենք, թե՞ չէ»,- հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչին ընտրողները պատասխանեցին` «այո՛»: «Ժառանգության» ղեկավարն այսօր էլ կրկնեց, որ իր պայքարը սիրո, ընտանիքի և հայրենիքի, դրոշակ բարձրացնելու և հայրենիք նվաճելու պայքարն է:

«Եվ թող ոչ ոք չնսեմացնի այդ պայքարը, Րաֆֆի է անունը, թե Սերժ, թե Ռոբերտ, թե Լևոն, թե մեկ ուրիշը, ոչ ոք, ինձնից սկսած, իրավունք չունի նսեմացնելու մեր ազգի արժանապատվությունը, իրավունքը, պայքարը, որովհետև սա սեր է հայրենիքի նկատմամբ»,- հայտարարեց նա:

Ր.Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ պատմության գիրկը կանցնեն այն ժամանակները, երբ քաղաքացու ձայնը գնում են մի պարկ այլուրով կամ փողով, իսկ ով ձեռք է բարձրացնում հայ զինվորի վրա` «թուրք լինի, հարևան թե  հայայաստանցի», պետք է պատասխան տա:

«Իսկ ով  մեր երկիրը դիտում է՝ որպես անձնական «զոնա», սեփականություն, նախագահ լինի, շրջապատ, կառավարություն, պատգամավոր, դատավոր, մարզպետ, շտաբի պետ, գյուղապետ թե քաղաքապետ, իրենք պատրաստվեն իրենց «զոնաների» համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Միաժամանակ նա նշեց, որ իր պայքարը Րաֆֆիի և Սերժի կամ «Ժառանգության» և Հանրապետականի պայքարը չէ, քանի որ «կուսակցախաղի» ժամանակաշրջանն անցել է, որովհետև «ունենք մեկ դրոշ և մեկ զինանշան, և սա հայ մարդու և ՀՀ պայքարն է մեր ապագայի համար»: Նախագահի թեկնածուն կոչ արեց բոլորին՝ մասնակցել ընտրություններին: Իսկ անդրադառնալով իշխանություններին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ նրանք արդեն վերջին ճիգերն են գործադրում, բայց նշեց, որ անգամ ընդդիմադիր լինելով հանդերձ` հարգանք ունի բոլորի նկատմամբ: «Չեմ կարծում` Սերժ Սարգսյանն ուզում է հետ շպրտել Հայաստանը»,- ասաց նա: Իսկ ներկաներից ոմանք դահլիճից առարկեցին` ասելով. «Ուզում է, ուզում է»: «Ես չեմ կարծում, որ որևէ մեկն ուզում է արկածախնդրություն անել, ես որևէ մեկի հասցեին նման բան չեմ ասի, ես չեմ խարազանի որևէ մեկի արժանապատվությունը, իր անունը, իր ավանդը, բայց թույլ չե՛մ տա, որ որևէ մեկը, անգամ՝ Սերժ Սարգսյանը, իմ պապերի, իմ երեխաների և ՀՀ պահանջը, իրավունքը, ազգային շահը արկածախնդրություն որոշի, ո՛չ, մենք գնում ենք դեպի նոր Հայաստան»,- շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս