«Սերժի փողը պտի ուտեմ, բայց ուրիշին պտի ընտրեմ, բայց անձնագրիս մեջ նշում են արել, կվախենամ, որ բռնեն» (տեսանյութ)
«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն են դիմում արդեն ոչ միայն այն քաղաքացիները, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից, այլև նրանք, ովքեր գումար են վերցրել Սերժ Սարգսյանին ընտրելու նախապայմանով:
Մի տիկին այսօր հեռուստաընկերություն է գնացել «Մի՛ վաճառեք ձեր ապագան» հայտարարության հետքերով և աղաղակող բացահայտումներ է արել, թե ինչպես են կաշառատուները գումար տալիս, ինչ նշումներ են անում անձնագրում և ինչպես խաբելով ու վախեցնելով փորձում են վերահսկելի դարձնել ընտրությունները:
Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ն կես ժամը մեկ պարբերականությամբ հայտարարություն էր հնչեցնում եթերից՝ հորդորելով քաղաքացիներին՝ չգնա՛լ ստոր քայլի և չվաճառել սեփական ձայնը:
Այսօր արդեն հեռուստաընկերություն ներկայացած տիկինը գնացել էր հավաստիանալու՝ նա կարո՞ղ է արդյոք պաշտպանել իր քվեն և ինչպե՞ս, արդյո՞ք կաշառատուները չեն վերահսկի իր քվեարկությունը:
Հասկանալի պատճառներով տիկնոջ անունը չի հրապարակվում: Ներկայացնում ենք նրա հարցազրույցը «ԳԱԼԱ»-ին:
Լրագրող – Ո՞վ է եկել, ի՞նչ են առաջարկել և ինչի՞ համար, տիկի՛ն, պատմե՛ք, խնդրում եմ:
-Մեզ առաջարկել են Սերժ Սարգսյանի ընտրության համար 5 հազար դրամ: Մենք ընտանիքով երեք անձ ենք, վերցրել եմ ընտանիքիս համար 15 հազար դրամ ու ճանապարհածախս՝ հինգ հազար դրամ: Հետո ամուսնուս հետ խնդիրներ ունեցա, քանի որ իմ ամուսինը միշտ ուզեցել է ուրիշի ընտրել, իսկ ես կուզեի Սերժի փողերն ուտեի ու էլի ուրիշի ընտրեի: Այդ իսկ պատճառով իմ ընտանիքի մեջ մեծ անախորժություն է էղել, էսօրվա դրությամբ ես մոտեցել եմ ԳԱԼԱ ընկերությանը, որ ինձ օգնեն, քանի որ իմ անձնագրերի մեջ տոչկա են դրել, ու կոմպյուտրով ֆիքսված է, պտի պարտադիր Սերժին ընտրենք, իսկ ես Սերժին չեմ ուզե ընտրե:
-Լրագրող – Իսկ ի՞նչ համակարգիչ, ի՞նչ համակարգչի մեջ ունեն Ձեր տվյալները:
-Իրանց մոտն էր՝ ասեցին անպայման կոմպյուտրը ցույց կտա՝ դու Սերժին կընտրե՞ս, թե՞ ուրիշի:
Ամուսինս էլ ջղայնացավ, երբ էդ պատմությունը լսեց, ասաց՝ առանց այն էլ իմ հիվանդությունս ինձի շատ է, ընտրությունների հետ խնդիր չեմ ուզում ունենամ: Բայց ես էլ ստիպված էի, վերցրի, քանի որ ամուսնուս դեղ պտի առնեի, գումար էլ չունեի:
Լրագրող – Իսկ ո՞վ ասաց, որ ֆիքսում են: Ի՞նչ են ֆիքսում, որտե՞ղ են ֆիքսում:
-Փողը ով որ տվեց, ասաց, ինքը տոչկա դրեց ու ասաց, որ անպայման կմտնի կոմպյուտր, դուք չեք կրնա ուրիշի ընտրեք:
Ուղղակի թյուրիմացությունն այն է, որ իրանք ինձ 20 հազար դրամ փող են տվել, այդ գումարը ես չեմ կարող հետ վերադարձնեմ. դեղորայք եմ առել և ընտանիքիս հետ խնդիրներ ունեմ:
Լրագրող – Որ վերցրիք գումարն, ի՞նչ ասացին՝ ո՞նց եք գնալու, ո՞վ էր տանելու ընտրատեղամաս…
-Չէ՛, մեր ընտրատեղամասի տեղը ես գիտեմ: Ու իրանք պտի պարտադիր ընձի տեսնեին, որ ես պարտադիր եկել եմ ընտրատեղամաս:
Ուղղակի հիմա մենք ընտանեկան ծանր վիճակի պատճառով էդ գումարների հետևից ենք ընկել, մենք մեզի, մեր ազգին ենք ծախել:
Ամուսինս լսել է ձեր հայտարարությունը, ասաց՝ գնա ընդեղ պարզե՝ տես գումար կուտա՞ն, հետ կվերադարձնես, թե ճիշտ ուղղություն ցույց կտաս, ես ուղղակի խորհրդի կարգով դիմել եմ ձեզի, որ օգնեք: Ընտրության ժամանակ ես պրոբլեմ կունենա՞մ Սերժի կողմնակիցների հետ, թե՞ չէ: Էդ տոչկան ինչ-որ բան կնշանակի՞, թե՞ ոչ:
Ուղղակի ինձ հետաքրքրում է՝ էդ տոչկով կոմպյուտր կմտնի՞, կբռնվի՞, թե՞ չէ: Եթե չէ, ես հարուր տոկոս ասել եմ ու էլի կըսեմ՝ Սերժի փողը պտի ուտեմ, ուրիշին պտի ընտրեմ: