Հ. Աբրահամյանը վստահություն հայտնել է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա նախագահական ընտրություններին
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային եւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվեց ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը և Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնել է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա նախագահական ընտրություններին: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է համապետական ընտրություններում միջազգայիպն հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունները` որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման կարևոր խթան:
«Մենք աշխատել ենք մինչև առաջիկա ընտրությունները լուծում տալ նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրած թերություններին: Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք և շահագրգռվածություն` անցկացնելու 2013 թվականի նախագահական ընտրությունները էլ ավելի բարձր մակարդակով և եվրոպական չափանիշներին համապատասխան»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: