Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբը քննիչ Ոսկանյանի որոշումը համարում է խայտառակություն
2013թ. փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել են Էրեբունի համանքի Մուրացանի 184 հասցեում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի վրա, պոկել, տարել են Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառները: Բարեբախտաբար, այդ պահին շտաբում ոչ ոք չի եղել:
Դեպքի առնչությամբ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի` Էրեբունու համայնքի Մուրացանի 184 հասցեում գտնվող շտաբի ղեկավար Արմեն Զաքարյանը դիմել էր ոստիկանություն:
15.02.2013 թ. Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ. Ոսկանյանը հաղորդման կապակցությամբ որոշում է կայացրել, որում մասնավորապես ասվում է.
«1. Արմեն Զաքարյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` Էրիկ Հարությունյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2. Էրիկ Հարությունյանին վարչական պատասխանատվության չենթարկել, քանի որ չի լրացրել այն տարիքը, որը լրանալուց հետո նախատեսում է վարչական պատասխանատվություն:
3. Որոշման մասին հայտնել Արմեն Զաքարյանին` պարզաբանելով վերջինիս իրավունքները այն դատարան բողոքարկելու մասին»:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբը քննիչ Հ. Ոսկանյանի որոշումը համարում է խայտառակություն, իսկ գործի ընթացքի վերաբերյալ ներկայացված պարզաբանումը, որ տվյալ արարքը կատարած անձը՝ 1999 թ. ծնված Է. Հարությունյանը, արարքը կատարել է մարզական վազքի ընթացքում` պատճառաբանությամբ, թե «Հրանտ Բագրատյանին չի համակրում և չի ցանկանում, որ վերջինս ընտրվի ՀՀ նախագահ», գնահատում է իբրև հանցագործության իրական բացահայտումից խուսափում: ՀՀ ոստիկանության նման աշխատանքի պարագայում խիստ կասկածի տակ է դրվում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հավանակությունը:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ