Ամերիկյան ոստիկանների «որսորդը» ինքնասպան է եղել
Նախկին ոստիկան Քրիստոֆեր Ջորդան Դորները, ով կասկածվում էր երեք հոգու սպանության մեջ, ինքնասպան է եղել։ Այս մասին գրում է France-Presse գործակալությունը։
Սան-Բեռնարդինո շրջանի ոստիկանության պետի խոսքերով՝ Դորների մարմնի վրա հայտնաբերվել է միայն մեկ հրազենային վնասվածք՝ գլխի շրջանում։ Վնասվածքի բնույթն ու մի շարք այլ հանգամանքներ վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է։
Դորներին ոստիկանությունը որոնում էր 9 օր շարունակ։ Նրա մարմինը հայտնաբերվել է Լոս-Անջելեսի արվարձաններից մեկում գտնվող այրված տան մեջ։ Մի քանի ժամ տևած հետապնդումից հետո ոստիկաններին հաջողվել էր Դորներին շրջափակել փայտե այդ շինության մեջ։ Փոխհրաձգության արդյունքում՝ շերիֆի օգնականներից մեկը սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։
Քրիստոֆեր Դորներին ոստիկանությունից ազատել էին 2009 թվականին։ Նա կասկածվում էր պարեկային ծառայություն իրականացնող մի ոստիկանի, ոստիկաններից մեկի աղջկա և նրա փեսացուի սպանության մեջ։ Այդ սպանությունից օրեր առաջ Դորները սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրեն անարդարացի են ազատել, մեղադրել էր ոստիկանությանը կոռուպցիայի և ռասիզմի մեջ և խոստացել ոստիկանության դեմ պայքարել ուժային մեթոդներով։