
Թեկնածուներից որևէ մեկը ժամանակ չի ունեցել Միացյալ կոմկուսի համար, ուստի իրենք որևէ մեկին սատարելու կոչ չեն անում

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը հանդես չի գա որևէ թեկնածուին սատարելու կոչով՝ ընտրողներին ազատ թողնելով իր ընտրության մեջ: Այս մասին 168.am-ին ասաց կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Մեր կուսակցությունը միասնական կողմնորոշում չդրսևորեց, պարզապես մենք որոշեցինք ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Ներքին կարգով մեր կուսակիցներին ասել ենք՝ գնացեք, ընտրություններին ակտիվորեն մասնակցեք և կողմնորոշվեք՝ ըստ ձեր հայեցողության, ըստ նախընտրական ծրագրերում ձեզ հոգեհարազատ կետերի»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Հունվարի վերջին կուսակցության նախագահը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էլ, որ անպայման կկողմնորոշեն ընտրողներին, թե նախագահի որ թեկնածուին ընտրեն: Մինչ այդ Վազգեն Սաֆարյանն, իր իսկ խոսքով՝ պետք է հանդիպեր անցողիկ թեկնածուների հետ: Խոսքը Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին էր: Նախագահի թեկնածուներից ոչ ոք, սակայն, չի ընդառաջել Միացյալ կոմկուսի առաջարկին և քարոզարշավի ընթացքում չի հանդիպել Վազգեն Սաֆարյանի հետ՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունեն:
«Հանդիպումները չեղան, դրա համար էլ մենք ձեռնպահ մնացինք հայտարարությունից և փորձում ենք ըստ ծրագրերի կողմնորոշվել»,- նշեց Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահը: