«Դիմեք Հովհաննես Մարգարյանի գրասենյակ, իրանք Սերժի համար կաշխատին». դպրոցի տնօրեն (ձայնագրություն)

Այսօր` կեսօրին, ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակն ահազանգ է ստացել, որ Գյումրու թաղամասերից մեկում ընտրակաշառք են բաժանում, և որ գործընթացը վերահսկվում է հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից, ում անունը, հայտնի պատճառներով, չենք հրապարակում: Կայքի լրագրողը զանգահարել է դպրոցի տնօրենին՝ պարզելու թե արդյո՞ք դպրոցում ցուցակագրում է տեղի ունենում, եւ ճի՞շտ է արդյոք, որ գործընթացում ներգրավված են դպրոցի ուսուցիչները, ինչպես թաղամասի բնակիչներն են պնդում: Նշենք, որ ըստ բնակիչների` ուսուցիչները շրջում են տնետուն՝ առաջարկում 5 հազար դրամ գումար՝ ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Նշենք, որ լրագրողը ներկայացել է որպես Տեքստիլ թաղամասի անտեղյակ բնակիչ, ով ցանկանում է ցուցակագրվել :

Դպրոցի տնօրենը հարցադրմանը պատասխանել է. «Գիտեք, ես չեմ գրողը, գիտեք` ինչ էրեք, Մարգարյան Հովհաննեսի գրասենյակը, գիտեք, 68 թաղամասում է, ինքը ՕԵԿ-ից է, բայց էս ընտրությունների հետ կապված բաներ ունին, հենց Սերժի համար է, գնացեք իրանց գրասենյակ, իրանցից ճշտեք, տեսեք` Ձեր թաղամասն ով կֆռռա, Բաղդասարյանը չի դրել թեկնածություն, իրանք Սերժի համար կգրեն, Հանրապետական կուսակցության համար կաշխատին, գնացեք իրանց մոտ»,- նշել է հանրակրթական դպրոցի տնօրենը:

Հովհաննես Մարգարյանը սակայն մեր լրագրողի հետ ունեցած զրույցում հերքել է, նշելով, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ ինքը դիմելու է իրավապահ մարմիններին:

Տեսանյութեր

Լրահոս