Չելյաբինսկի երկնաքարի պայթյունը հզորությամբ 30 անգամ գերազանցել է Հիրոսիմայի ատոմային ռումբին (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի մասնագետները նոր տվյալների հիման վրա ճշգրտել են ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա ընկած երկնաքարի չափերը և եկել են այն եզրակացության, որ օբյեկտը շատ ավելի մեծ չափեր է ունեցել, իսկ դրանից առաջացած պայթյունը` շատ ավելի հզոր` 0,5 մեգատոննա, ինչը 30 անգամ գերազանցում է ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորությանը: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 15-ին, Մոսկվայի ժամանակով 07:20-ին, Ուրալի երկրամասի մի շարք շրջանների բնակիչները ականատես եղան հսկայական ասուպի` հրագնդի անկմանը: Երկնաքարի անկումն ավարտվեց վառ առկայծումով և հզոր պայթյունով: Իսկ Չելյաբինսկում, որն ավելի մոտիկ էր պայթյունի էպիկենտրոնին, հարվածի ալիքից ավերվեցին մի շարք շինություններ և վնասվեց շուրջ 100 հազար քմ ապակի, որի արդյունքում շուրջ 1200 հոգի ստացան տարբեր չափերի մարմնական վնասվածքներ` դիմելով բժշկական օգնությանը: