Ինչ-որ անձանց համար էլ ընտրությունները բիզնես են. Պարույր Հայրիկյան
«Միասնական թեկնածուի չկայացման պարագայում անորոշություն է, և հավանական է առանձին-առանձին պարտվելը, որովհետև կա իշխանական լծակների առավելություն, որը միշտ լինում է իշխանավորի օգտին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով իր կողմից՝ թեկնածուներին, մասնավորապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագատյանին, միավորվելու մասին հնչեցրած կոչին: Հարցին, թե, ի վերջո, ո՞րն էր պատճառը, որ միասնական թեկնածու այդպես էլ չձևավորվեց, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ես առաջին քայլն արեցի հրապարակավ, որ որևէ խոսակցություն չլինի: Քանի որ նախնական քննարկում չի եղել, ամեն ինչ սկսեցի հրապարակային նամակից, որին պետք է լիներ հրապարակային արձագանք, բայց դրա փոխարեն՝ եղան տարօրինակ դրսևորումներ: Մի քանի անգամ զանգեցին, տեսա, որ մարդիկ իրենց քարոզարշավով զբաղված են, հրապարակային դիմեցի: Սակայն, համարժեք արձագանքի փոխարեն՝ նյութի առարկայական քննարկում տեղի չունեցավ, դա է հիմնական պատճառը: Ես ամեն ինչի էի պատրաստ, իսկ թե ո՞վ, ինչի՞ էր պատրաստ, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ նախագահական ընտրություններին գնում էր թեկնածությունը հանած, որովհետև պատրաստվում էր վեց ամիս հետո կամ առավելագույնը երկու տարի անց հրաժարական տալ: Հարցին, թե՝ ինչո՞ւ մյուս թեկնածուները չվստահեցին Ձեզ ու չընդունեցին Ձեր կոչը, նա պատասխանեց. «Իրենք պատրաստ չէին: Հետո պետք է խելք էլ ունենաս, չէ՞, որ ավելի լավ է հաղթած թիմում լինես երրորդը, քան ձևականորեն տոկոս հավաքես: Հնարավոր է, որ ինչ-որ անձանց համար էլ ընտրությունները բիզնես են: Լավ էլ բիզնես է: Հայրիկյանի հետ միանա՞ն, հաղթե՞ն, ասենք՝ դառնան նախագահ, ինձնով կաշկանդված պիտի լինեն: Դպրոցականի հասկանալիք բանն իրենք չհասկացան, որ ավելի լավ է միասին հաղթել»,- եզրափակեց նա: