Դեռ կտեսնենք` ով կգլխավորի Սերժ Սարգսյանի հավաքը Ազատության հրապարակում. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Ընտրացուցակների ուռճացումը դարձել է ընտրությունների աքիլեսյան գարշապարը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
«Ընտրացուցակներում առնվազն 400 հազար ավելի մարդ կա, այդ մարդկանց տեղը շատ հանգիստ հնարավոր է քվեարկել»,- ասաց նա: Բագրատյանը նշեց, որ այդ ցուցակները պետք է համապատասխանեն մարդկանց քանակին: «Եթե դրան ավելացնում ես նաև պետական ապարատն ու բանակը, ստացվում է, որ իշխանության թեկնածուն ունի մոտավորապես 650-700 հազար ձայն, այսինքն ֆորա: Դա նույնն է, որ շախմատ խաղաս, շախմատային լեզվով ասած, ֆերզը հանես, ասես` խաղում եմ»,- նշեց Հրանտ Բագրատյանը` ավելացնելով, որ իշխանությունները դրա վրա են աշխատելու:
Սակայն միաժամանակ նախագահի թեկնածուն ասաց, որ չնայած դժվար է իշխանության նման գործելակերպի դեմ պայքարել, բայց պետք է ձգտել պահելու սեփական ձայները, որոնք, ըստ նրա, մի քանի հարյուր հազար են:
Ինչպես արդեն հայտնի է` իշխող Հանրապետական կուսակցությունը` իր ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մտադիր է փետրվարի 21-ին, այսինքն՝ ընտրություններից հետո, նույնպես Ազատության հրապարակում անցկացնել հավաք:
168.am-ը հետաքրքրվեց, թե Հրանտ Բագրատյանն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, ինչին ի պատասխան նա ժպտալով ասաց. «Այսպես ասեմ, հավաքը կլինի, բայց ո՞վ կգլխավորի հավաքը, ո՞վ կլինի հիմնական խոսողը` դեռ կտեսնենք»:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք ինքը՝ Հրանտ Բագրատյանը, մտադի՞ր է նույնպես հանրահավաք անցկացնել ընտրություններից հետո, նա պատասխանեց, որ այժմ չի ուզում այդ մասին խոսել:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: