ՀԱԿ-ը զուրաբյանական մեթոդով փորձում է պառակտել Հրանտ Բագրատյանի կուսակցությունը. մամուլ
«Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում «գծից շեղված» «Ազատություն» կուսակցության և նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որևէ ակնարկ չի արել ՀԱԿ «ռեպրեսիաների» մասին և ՀԱԿ–ի դեմ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում.
«Նրա համակիրները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում աշխատելու լիցենզիաներ և անցել են համապատասխան դասընթացներ, ինչպես, ասենք, «Ազատության» անդամ Կարինե Պետրոսյանը, չեն ներգրավվում հանձնաժողովների մեջ, ներգրավվածներին էլ հետ են կանչում։
Ավելին, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, «Ժողովրդավարական հայրենիքի» նման, «Ազատության» դեպքում ևս փորձ է արվում պառակտել այն՝ ոմանց «տարհանելու» զուրաբյանական փորձված մեթոդով, և դա այն դեպքում, երբ Բագրատյանը ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն դեռ չի արել, ասել է, որ առժամանակ, մինչև ընտրությունների ավարտ, սառեցնում է իր անդամակցությունը։
Ըստ ամենայնի, ՀԱԿ-ը «շտապեցնում» է Բագրատ յանին, որ վերջինս հնարավորինս շուտ՝ մինչև ընտրությունների ավարտ, դուրս գա ՀԱԿ-ից, որովհետև մտածում են, որ հնարավոր է նրա ցույց տված ընտրական արդյունքները վերջինիս դարձնեն ընդդիմադիր նոր բևեռ՝ խաթարելով ՀԱԿ ծրագրերը։
Բոլոր դեպքերում, ինչպես տեղեկացրին «Ազատությունից», իրենք կուսակցությունից դուրս գալու որևէ դիմում դեռ չեն ստացել, կուսակցության Գյումրիի 2 ներկայացուցիչ հայտարարություն են արել, ինչի մասին իրենք իմացել են մամուլից»։