
Հայաստանում սեր չկա. մամուլ

«ՀՀ բնակչության մեծ մասը սիրո պակաս ունի։ Դրա մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության «Gallup» կենտրոնի կողմից անցկացված հարցումների արդյունքները։ «Արդյո՞ք քո երեկվա օրը սիրով լեցուն է եղել» հարցին՝ 1954 հայաստանցիների միայն 29 տոկոսն է դրական պատասխան տվել։ Այս ցուցանիշը 136 երկրներում ամենացածրն է և հետևաբար, այդ ցանկում Հայաստանը զբաղեցրել է վերջին՝ 136-րդ տեղը, եզրափակելով այն»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«135-րդ և 134-րդ հորիզոնականներում գտնվող Մոնղոլիայում և Ուզբեստանում դրական պատասխան է տվել հարցվածների 32 տոկոսը։ Հարևան Վրաստանը ևս սիրո պակասություն ունի, այնտեղ վերը նշված հարցին դրական պատասխան է տվել 1904 հարցվածների 43 տոկոսը, ինչի հիման վրա էլ Վրաստանը զբաղեցրել է 132-րդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, 1824 հարցվածներից 47 տոկոսն է դրական պատասխան տվել, և երկիրը զբաղեցրել է 123-րդ հորիզոնականը։
«Սիրառատ» երկրների եռյակը գլխավորում են Ֆիլիպինները (93 տոկոս), Ռուանդան (92 տոկոս), Պուերտո Ռիկոն (90 տոկոս)»: