Փրկարարները «Արծվի» արձանի մոտի ձորից դուրս բերեցին 80 մետր գլորված «BMW»-ի վարորդին
Փետրվարի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին (Արծվի արձանի մոտ)՝ դեպի Երևան ընթանալիս, «BMW» մակնիշի՝ 33 TՏ 576 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով, ժայռաբեկորներին բախվելով՝ հայտնվել գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության և Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները մեծ դժվարությամբ գետից դուրս բերեցին վիրավոր տղամարդուն, իսկ հետո Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ բուժանձնակազմը ցավազրկող ներարկեց, որից հետո պատգարակով փրկարարները՝ քաղաքացիների և բժիշկների օգնությամբ, վիրավորին դուրս բերեցին ձորից, և շտապ օգնության ավտոմեքենան տեղափոխել է նրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Կան կասկածներ, որ հնարավոր է՝ էլի մարդ եղած լինի ավտոմեքենայում, ինչի համար թվով 20 փրկարարներ ճոպաններով և լուսարձակներով իջել են ներքև՝ որոնողական աշխատանքներ կատարելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Ոստիկանությունն այս պահին փորձում է պարզել հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը: