Ավտովթար Երևանում. ԱԺ-ի դիմաց բախվել են 4 ավտոմեքենա. հիվանդանոց է տեղափոխվել ճանաչված լուսանկարիչը (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 16 շենքի դիմաց ՀՀ Ազգային Ժողովի մոտ բախվել են Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչ 53-ամյա Սիմոն Ղայֆաչյանի վարած «Ռենո» մակնիշի՝ L 4455, Կոտայքի մարզի բնակիչ 58-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած «Դեյու միքսյա» մակնիշի՝ L 3187, Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ 47-ամյա Ավետիք Հովսեփյանի վարած «Միցուբիշի» մակնիշի՝ 64 MN 444 և Երևան քաղաքի Բուդապեշտի փողոցի բնակիչ 41-ամյա Արմինե Հովակիմյանի վարած «Պորշ Կայեն» մակնիշի՝ 05 LP 500 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ռենո» մակնիշի ուղևոր՝ Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 26-ամյա Վիգեն Մնոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, և մինչ դեպքի վայր կժամանեին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական խումբը՝ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ, «Պորշ Կայեն»-ի վրայից հանել էին համարանիշները:
Սակայն քննիչի հանձնարարականով՝ Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին համարանիշները, և այն տեղադրվեց ավտոմեքենայի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Պորշ Կայեն»-ի վարորդը ԱԺ պատգամավոր Արկադի Հովակիմյանի քույրն է, և նրա համար վթարի վայր ժամանած ինչ-որ անձինք փորձում էին ոստիկաններին համոզել, որպեսզի «Պորշ Կայեն»-ը չտեղափոխվի տուգանային հրապարակ:
Սակայն քննիչ Տ. Վարդանյանի հանձնարարականով՝ բոլոր չորս ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Քննիչի հանձնարարականով՝ վարորդները տեղափոխվեցին բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորը հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի