Բաժիններ՝

Թաքցնելով ինքնաձիգի անհետացումը` կարգադրել է կեղծել կատարված գրառումները

2012թ. հուվարին անհետացել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի զորանոցում գտնվող ինքնաձիգը: ԱԿ-74 տեսակի ինքնաձիգի բացակայությունը թաքցնելով անգործություն դրսևորելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել թիվ N զորամասի 1-ին հրաձգային գումարտաի 2-րդ վաշտի հրամանատար Էգդար Հովհաննիսյանը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա 2012թ. հուվարի14-ին վաշտի հերթապահության հանձման-ընդունման ժամանակ տեղեկանալով, որ վաշտի զինանոցում առկա ԱԿ-74 տեսակի ինքնաձիգներից մեկը բացակայում է, զենքերի քանակի անհամապատասխանության հետ կապված հետագա հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, դրսևորել է պաշտոնեական անգործություն, այսինքն` համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված հանգամանքը պարզելու համար և թույլատրել է հերթապահության հանձնում-ընդունումը:

Այնուհետև, ըստ մեղադրական եզրակացության, Է. Հովհաննիսյանը 2012թ. հուվարի 14-ին կամ 15-ին անցել է իր պաշտոնական լիազորությունների սահմանը` ենթակա զինծառայողներին կարգադրել է կեղծել վաշտի հերթապահության հանձման-ընդուման մատյանում կատարված գրառումները, զինանոցում առկա ինքնաձիգների թվաքանակը մեկով պակասեցրել, որից հետո կեղծ զեկուցագրեր ներկայացրել վերադաս հրամանատարությանն այն մասին, թե իբր ենթակա ստորաբաժանման զենք-զինամթերքը և սպառազինությունն առկա է: Հիշյալ արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 1-ին մասով:

Նույն քրեական գործի շրջանակներում, բայց արդեն ՀՀ քր. օր.-ի 376-րդ հոդվածի («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ») 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Մայիս Ավդալյանին, քանի որ նա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն պարտավոր լինելով անձամբ առնվազն երկու շաբաթը մեկ անգամ ստուգել դասակին ամրակցված զենք- զինամթերքի և ապառազինության առկայությունը, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, համապատասխան ստուգումներ չի կատարել, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ծառայության շահերին` 2012թ. հունվարի 8-ից 10-ը ժամանակահատվածում վաշտի զինանոցից ԱԿ-74 ինքնաձիգի և փամփուշտների գողությունը մինչև 2012թ. մարտի 24-ը չի հայտնաբերվել:

Քրեական օրենսգրքի նույն հոդվածի նույն մասով մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ վաշտի ավագ Յուրա Ամիրզյանին: Մեղադրական եզրակացության համաձայն` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն պարտավոր լինելով ամիսը մեկ անգամ ստուգել դասակին ամրակցված զենք զինամթերքի և ապառազինության առկայությունը, նա ևս անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, համապատասխան ստուգումներ չի կատարել, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ծառայության շահերին:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս